Տղաս, որ 2,6 տարեկան է, խաղում էր հյուսիսային պողոտայում առատորեն նստած ձյան հետ: Ու հանկարծ տեսնում եմ, որ մի ձնագնդի ձեռքին արագ-արագ քայլում է դեպի մոտակա ավտոմեքենան: Գիտեմ, ուզածը ձնագնդով պորշի անվադողերին հարվածելն է, առավոտյան երբ իրար հետ զրուցում էինք ասեց ինձ, որ կուզենար ձնագնդիներով մեքենաներին հարվածել: Ինձանից բավական հեռու էր, այնպես, որ արտակարգ իրավիճակի դեպքում (աստված մի արասցե) կարող էի միայն շատ արագ վազելով հասնել իրեն ու կանխել պատահարը, լրիվ գիտակցում էի իրավիճակի ռիսկայնությունը, սիրտս անհանգստությունից հարվածում էր: Բայց երբ նա շրջվեց դեպի ինձ, որպեսզի ինձանից ստանա իր մտադրության գնահատականը, ինքս իմ վրա մեծ ուժ գործադրելով, որպեսզի հաղթահարեմ անհանգստության և տագնապի զգացումներս, ժպտալով հավանություն եմ տալիս, -Գնա, փոքրիկ, ես այստեղ եմ, գնա հասիր նպատակիդ, բացահայտիր աշխարհը: Փոքրիկս ոգեշնչված իմ վստահությունից և հավատից, համարձակ քայլերով շարունակում է իր ճամփան ու իր մեջ գտնելով համարձակության լրացուցիչ պաշար` ուժով հարվածում պորշին, այնպես որ ձնագնդին ամբողջովին տպվում է անվադողին, քանի որ փոքրիկի բոյը միայն դրան է հասնում: