Ռոբերտ Դավթյանը Հայաստանում սեքսոպաթոլոգիայի առաջին մասնագետներից է` բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական նորարարությունների հեղինակ,
մասնագիտացել է քլորոպրենային արտադրությունում աշխատող տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի ուսումնասիրությամբ և բուժմամբ: Կարճ ասած` Ռոբերտ Դավթյանն այն գիտնականներից է, որոնց տեսակի, ապրած կյանքի ու վաստակի մասին ֆիլմեր են նկարահանվում: Ուղնուծուծով քաղաքացի այս գիտնականն արմատներով Վանից է, ծնունդով` Երևանից, և նա Երևանի Բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի փոքրիկ կլինիկայի նախամուտքի բազրիքին հենված` ինձ պատմեց զարմանալի և հուզիչ պատմություններ Վանից, իր վանեցի մեծ հայրերից ու մայրերից, ու ես նրան ասացի, որ իմ ճանաչացած վանեցիները եզակի են թե' որպես քաղաքացու զուլալ տեսակ, թե' որպես բացառիկ մասնագետներ իրենց ոլորտներում: Նա ժպտաց:
Հետո ինձ ուղեկցեց իր զարմանալիորեն փոքրիկ աշխատասենյակը, ուր հազիվ տեղավորվող սեղանին դրված էր մանրադիտակ:
- Նայիր մանրադիտակով,- մոտ կանչեց գիտնականը,- ոչ ոքի չպատմես, թե ինչ եմ ցույց տալիս քեզ: Մոտեցի'ր, նայի'ր: Տեսնու՞մ ես: Գիտե՞ս սրանք ինչ են: Այս բոլորը մարդիկ են, աղջիկս:
Դարակից հանեց բժշկական քարտերի մի մեծ տրցակ: Քարտերից շատերը` մի քանի տասնամյակից ավելի վաղեմության: Քարտերն ամփոփում էին այցելուի բուժման պատմությունը, իսկ էջերի արանքում` բուժման արդյունքում ծնված երեխաների լուսանկարներն էին, որ ուղարկել էին այցելուները` ի նշան երախտիքի: Գիտնականը ցույց էր տալիս այդ երեխաների նկարները սիրով ու հպարտությամբ` այնպես, ինչպես ծնողներն են ցույց տալիս սեփական զավակների լուսանկարները: Հետո բերեց Խորհրդային միության գլխավոր սեքսոպաթոլոգ Վասիլչենկոյի «Общая сексопаталогия» գիրքը, որը հեղինակն իր մակագրությամբ նվիրել էր Ռ. Դավթյանին և բացեց 155 էջը: Այնտեղ գրված էր.
«Три источника имеет влечение человека-
Душу, разум и тело,
Влечение душ порождают дружбу,
Влечение ума порождает уважение,
Влечение тела порождает желание,
Из соединия трех влечений -
рождается любовь».
Սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռոբերտ Դավթյան.
Երբ սիրում են հոգին, սիրում են միտքը, սիրում են մարմնական առանձնահատկությունները, ահա այս բոլորը միասին վերցրած` կոչվում է սեր: Շատ հաճախ պոետները գովերգում են նրա գեղեցկությունը, բայց չեն մոտենում խելքին, բանականությանը:
Խորհրդային տարիներին, երբ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը խոշոր կենտրոն էր և Բժիշկների կատարելագործման ինստիտուտի կազմակերպած գիտաժողովների շրջանակներում ողջ Խորհրդային միության տարածքից ուրոլոգներ, հոգեբույժներ և սեքսոլոգներ գալիս էին Երևան, ես ծանոթանում էի բոլոր բժիշկների հետ և հարցնում էի, թե որտեղի՞ց են նրանք: Երկրորդ հարցս սա էր լինում`«Ի՞նչ եք կարծում, ինչու՞ են մարդիկ ամուսնանում»: Բոլորն էլ ճիշտ բաներ էին ասում: Եվ ես նրանց ասում էի, թե ինչ եմ մտածում ինքս այդ հարցի շուրջ. մարդն ամուսնանում է, որպեսզի սերունդ ունենա, որպեսզի պահպանի մարդկային տեսակը որպես բիոլոգիական տեսակ: Իսկ ի՞նչ ճանապարհով: Ընտանիք ստեղծելու ճանապարհով: Սա արդեն մարդու սոցիալական գործառույթի իրականացման հնարավորություն է, այլապես մարդիկ կարող են երեխա ունենալ նաև պատի տակ կամ նստարանի ետևում, բայց դա չի նշանակում, թե այդ մարդը սերունդ է թողել: Ուրեմն, ինչի՞ հիման վրա մարդը պիտի ընտանիք կազմի` իհարկե, սիրո հիման վրա: Իսկ ի՞նչ բան է սերը: Սեքսոպաթոլոգ, հոգեբան Մեցը, որի հետ նույնպես առնչվելու բախտ եմ ունեցել և նա ինձ նվիրել էր իր հեղինակած գիրքը, ահա, իր այդ գրքում հեղինակը տվել է սիրո մասին, իմ կարծիքով, ամենատիպիկ բնորոշումը.
«Любовь это влечение телесное, половое, душевное и эмоцианальное к опридиленной личности».
Հիմա եկեք սիրո արտահայտման սեռական կերպը հանենք: Կստացվի պլատոնական սեր: Պլատոնական սիրուց երեխաներ չեն ծնվում:
Եթե սիրո արտահայտման մյուս ձևերը չկան և կա միայն մարմնականը, այս տեսակ հարաբերությունները վաղ թե ուշ բերելու են սադիզմի:
Եթե չկա սիրո արտահայտման էմոցիոնալ դրսևորումը, խղճուկ և աղքատիկ կյանք է սպասվում այդ զույգին` ի՞նչ է զգում կինը կամ ամուսինը և կամ զգու՞մ է արդյոք, թե՞ ոչ, ահա, եթե այս հարցերը չեղան զույգի ներսում, անգամ երեխայի ծնունդը չի փրկի նրանց դժբախտությունից:
Անգամ սիրո մեջ պետք է լինի հարմոնիա` էմոցիոնալ, հոգևոր և մարմնական:
Երբ մարդն աշխատանքից վերադառնում է տուն, անկախ նրանից` կոշիկները թա՞ց են, թե՞ չոր, մաքու՞ր են, թե՞ կեղտոտ, պետք է մաքրել կոշիկները դռան առջև դրված կտորի վրա, նոր մտնել տուն` ընտանիք, որտեղ եթե կա սեր և հարմոնիա, մյուս խնդիրները լուծելի են:
Մասնագիտական երջանկություն.
Ինձ այնքան մարդ է դիմել, որ 200 հազարերոդ այցելուից հետո` մոտ 20 տարի առաջ, այլևս դադարեցի նրանց թիվը հաշվել: Երբ ես լավ սերմ եմ տեսնում, այնպիսի հանգստություն եմ զգում: Երբ տեսնում եմ խախտված, հիվանդ սերմնաբջիջ, վատ եմ զգում, և հիվանդը ոչ մի դեպքում չպիտի դա նկատի: Բժշկի և հիվանդի փոխհարաբերությունները պետք է լինեն հարազատական, որպեսզի բժիշկը կարողանա ճանաչել այդ մարդու կյանքի և հոգու բոլոր նրբությունները, որովհետև ամեն մանրուք կարևոր է մարդուն ճանաչելու և նրան բուժելու համար: Երբ հաջողվում է հիվանդի հետ հաստատել առողջ փոխհարաբերություն, դա արդեն երջանկություն է:
Երբ ծնվում է այն երեխան, որը, ըստ էության, քո ստեղծածն է, երբ ուղարկում են երեխայի լուսանկարը կամ բերում են նրան քեզ մոտ, պատկերացնու՞մ եք, թե ինչ երջանկություն է դա:
Ծնողներն իրենց նորածին երեխայի հետ գալիս են շնորհակալություն ասելու: Իսկ ես ասում եմ, որ ինձ համար իսկական շնորհակալությունն այն կլինի, երբ երեխային կնքեն: Հիմնականում առաջարկում են, որ դառնամ երեխայի կնքահայրը: Իհարկե, համաձայնում եմ, կնքում եմ երեխային և համարում եմ, որ իմ առաքելությունը կատարեցի` մարդ ծնվեց, հայ ազգից ծնվեց, քրիստոնյա հայ ծնվեց: Բա սա երջանկություն չէ՞: Ուրիշ էլ ի՞նչ կերպ է լինում երջանկությունը:
Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.
Չկան երջանիկ երկրներ: Երջանիկ երկիրը դու ես ստեղծում: Խրիմյան Հայրիկն այսպիսի երգ ունի` «Գյութան չըլներ, աշխարհն ի՞նչ էր, աշխարհի շեն վեր գյութնին էր»: Մի ուրիշ երգ էլ կա.
«Հայրի՛կ, Հայրի՛կ, քո հայրենիք
Վասպուրական մեր աշխարհ,
Վարդի փոխան քեզ փուշ բերաւ,
Ցաւերդ դառան բիւր հազար:
Հայրիկն ասաց՝«Իմ հայրենեաց
Փուշն անուշ է քան զվարդ,
Եւ այն փշոց մէջը դարձեալ
Կ՚որոնեմ ես սիրուն վարդ»:
Պիտի գնահատես քո հայրենիքը, թեկուզ` ավեր ու փշոտ: Պիտի կարողանաս աշխատել քո հայրենիքում, քո աշխատանքով երջանկություն ստեղծես: Մարդը պիտի լցված լինի հայրենական զգացուներով, այլ ոչ` «որտեղ հաց, այնտեղ կաց»: Հացը կտան, հայրենիքդ կտանեն: Քո հացը քո հայրենիքում ստեղծիր: Չկա ամենալավ երկիր կամ ամենավատ երկիր: Չկա ամենալավ հայրենիք կամ ամենավատ հայրենիք: Կա հայրենիքի լավ կամ վատ պաշտպան, հայրենիքի լավ կամ վատ բանվոր, հայրենիքի լավ կամ վատ բժիշկ, հայրենիքի լավ կամ վատ կառավարիչ:
Հիշու՞մ եք այն հնդկական հեքիաթը, որ կոչվում է «Ոսկե քաղաքը»: Այսպես էր սկսում հեքիաթը` «Հնդկաստանի Բենարես քաղաքում ապրելիս է եղել Ուքանա թագավորը...»: Հիշեցի՞ք: Մարդիկ կարծում էին, թե այդ քաղաքը ոսկուց է շինած: Այնինչ այդ քաղաքում մարդկային փոխհարաբերություններն էին ոսկե, այնտեղ մարդիկ հաճույքով էին աշխատում, այնտեղ մարդիկ սիրում էին միմյանց, այդ քաղաքում հարմոնիա կար և այդ պատճառով էին այնտեղ մարդիկ երջանիկ:
Աղբյուրը ՝ www.armtimes.com