Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Վանիկի Հակոբյանը
Թեմա - Սեռական անհամատեղելիություն
Ընդհանրապես գոյություն ունի՞ զույգի սեքսուալ համատեղելիություն հասկացությունը:
-Իհարկե: Զույգը ամուսնանալիս կամ զուգընկերային փոխհարաբերություններ սկսելիս որոշակի խնդիրներ կարող է ունենալ կամ ոչ: Զույգի համատեղելիությունը միջանձնային, հոգեկերտվածքի, սեքսուալ կոնստիտուցիայի, ֆիզիոլոգիական ռիթմերի լիակատար համընկնումն է: Երբ առկա են գործոններ,որոնք առաջ են բերում սեքսուալ ռիթմի, ցանկությունների հակասություններ, առաջանում է սեքսուալ աններդաշնակություն, անհամատեղելիություն:
Որո՞նք են զույգի սեռական անհամատեղելիության ակնհայտ նշանները:
-Ընդհանրապես սեռական կյանքն ապահովում է 2 ֆունկցիա օրգանիզմի համար` ռեպրոդուկտիվ կամ վերարտադրական և ռեկրեատիվ, այսինքն` սեքսուալ հաճույք ստանալու:Եթե այդ երկու ֆունկցիաները զույգի մոտ լիակատար գործում են` չկա վեարտադրողկան խնդիր, երկուսն էլ սեքսուալ կյանքից առավելագույնս գոհ են, ստանում են հոգեսեքսուալ բավարարվածություն, ապա ներդաշնակ զուգընկերային փոխհարաբերությունները ապահովված են:Իսկ եթե առկա են խնդիրներ տղամարդու կամ կնոջ մոտ` վերը նշված ֆունկցիաների հետ կապված, ապա գործ ունենք սեքսուալ անհամատեղելիության հետ:
Ի՞նչ գործոններով է պայմանավորված տղամարդու և կնոջ սեքսուալ անհամատեղելիությունը:
-Այն ապահովվում է մի շարք գործոններով` սոցիալական,սոցիալ-հոգեբանական, , առանձին հոգեբանական , ինչպես նաև ֆիզիոլոգիական: Վերջինիս շրջանակներում պետք է նշել կոնստիտուցիոնալ անհամատեղելիության տարբերակը: Կա սեռական կոնստիտուցիայի 3 տիպ, որոնք մարդու մոտ որոշվում են սեքսոլոգիական հետազոտության արդյունքում:Եթե զույգի մեջ կա կոնստիտուցիոնալ տիպի տարբերություն, ապա անհամատեղելիության հավանականությունը մեծ է:
Օրինակ, եթե տղամարդը պատկանում է ուժեղ կոնստիտուցիոնալ տիպին, նրա մոտ բարձր է սեքսուալ պահանջմունքը, օրգանիզմը հագեցած է արական սեռական հորմոնի մեծ քանակով: Իսկ նրա զուգընկերուհին թույլ կոնստիտուցիոնալ տեսակին է պատկանում.նրա համար հազվագյուտ սեռական հարաբերությունները նորմալ են: Արդյունքում ամուսինը բավարարում է իր պահանջմունքը այլընտրանքով` մաստուրբացիայով կամ արտամուսնական հարաբերությունների միջոցով:Եթե զույգը չդիմի մասնագիտական օգնության , հնարավոր է նաև զույգի բաժանում կամ ամուսնալուծություն:
Ինչո՞վ է պայմանավորված այս կամ այն սեքսուալ կոնստիտուցիոնալ տիպը:
-Մեծ դեր ունեն ժառանգականությունը և օրգանիզմի հորմոնալ հագեցվածությունը: Կարևոր են նաև կյանքի ընթացքում ձեռք բերված որոշ հատկանիշներ. սեռական կոնստիտուցիան պայմանավորում է նաև սեռական համակարգի ռեզիստենտականությունը/ դիմակայելը/ տարբեր վնասակար ազդակներին:
Իսկ ի՞նչ կասեք տարիքային գործոնի մասին: Ինչպիսի՞ դեր է խաղում այն սեքսուալ համատեղելիության մեջ:
-Անխոս տարիքային տատանումները ևս մեծ դեր ունեն:Տղամարդկանց սեռական կյանքի ռիթմն ավելի բուռն է 16-30 տարեկանն ընկած ժամանակահատվածում: Կանանց մոտ կա որոշակի ուշացում այս առումով: Կնոջ մոտ սեքսուալությունն ավելի բուռն արթնացում է ապրում 30-ն անց տարիքւոմ:
Արդյո՞ք դա նշանակում է, որ ցանկալի է զույգի մեջ կնոջ մի քանի տարով մեծ լինելը տղամարդուց:
-Սրանք միանշանակ հարթվող ռիթմի տատանումներ են: Ի սկզբանե տղամարդու մոտ ավելի բարձր են սեռական կյանքի պահանջմունքները, սեքսուալ կոմպոնենտը: Եվ եթե տղամարդը մի քանի տարով մեծ է կնոջից, նրա սեռական պահանջմունքները նվազելով հասնում են կնոջ ավելի քիչ պահանջմունքներին:Կնոջ համար ավելի կարևոր են քնքշանքները, գուրգուրանքները՝այն է էրոտիկ կողմը, քան բուն սեռական ակտը:
Երբ զույգի մեջ առկա է մեծ տարիքային տարբերություն, հաճախ առաջանում է նաև հետաքրքրությունների ու նախասիրությունների մեծ տարբերություն սեքսում: Այս դեպքում կարող է տարբեր լինել նաև սեքսուալ գուրգուրանքների ընդունելիության (приемлемость) շրջանակը:
Անդրադառնանք նաև սոցիալ-հոգեբանական ազդակներին. որքանո՞վ են ազդում սեռական անհամատեղելիության վրա:
-Այո, մարդկանց բնավորությունը, բնավորության այս կամ այն գծի շեշտվածությունը, առանձնահատկությունները կարևոր են: Կնոջ խնդրահարույց տեսակ է համարվում հիստերիայի էլեմենտներով բնավորություն ունեցող կինը: Կինը հիստերիայի շրջանակներում կարող է մանիպուլյացիա կիրառել, ողջ ուշադրությունը հրավիրել իր վրա, սեքսից հրաժարվելը վերագրել իր հիվանդությանը կամ զուգընկերոջ ոչ ճիշտ սեքսուալ տակտիկային:Նույնիսկ լինում են դեպքեր, երբ ամուսնանալուց հետո կինը երկար ժամանակ հրաժարվում է սեքսից:Սա մանիպուլյացիա է տղմարդուն ենթարկեցնելու, սոցիալական կամ որևէ այլ` միջանձնային հարցեր լուծելու նպատակով:
Իսկ տղամարդու դեպքում չհարմարվող է էպիլեպտոյիդ տիպը` չափից դուրս պեդանտությունը, պահանջկոտությունը կնոջ վարքի ու ազատության նկատմամբ:
Եվ վերջում ` վերը նշված պատճառներով պայմանավորված սեռական անհամատեղելիությունը հնարավո՞ր է հաղթահարել կամ գոնե մեղմել:
-Սեքսապաթոլոգիայի մասնագիտական ֆունկցիաներից մեկը զույգի սեռական ներդաշնակության վերականգնումն է:Եթե զույգը վաղ է դիմում, երբ դեռ խնդիրը խորացած չէ, և ընդգրկված չեն ընտանիքի այլ անդամներ ու հարազատներ (ինչը շատ բնորոշ է հայկական մենթալիտետին), շատ ավելի հեշտ է սեքսուալ կյանքի կորեկցիան: Վերջինս իր մեջ ներառում է թե հոգեբանական, թե բուժական, թե սեքսոլոգիական հատուկ մեթոդների կիրառումը: Հնարավոր է նաև դեղորայքով բուժում, եթե պետք է շտկել հորմոնալ ֆոնը:
Արդյունքում փոխվում է զույգի պատկերացումները սեքսուալ նորմայի ու պաթոլոգիաների վերաբերյալ: Հաճախ բավական է լինում տեղեկատվություն տալ առկա խնդրի շուրջ և վերացնել սեքսուալ հոգեհիգիենայի մասին ապատեղեկատվությունը:
Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի, ինչպես նաև շատ կարևոր տեղեկատվության համար: Հուսով եմ՝ մեր հանդիպումները և հարցազրույցները կկրեն շարունակական բնույթ:
Հարցազրույցը` Լուսինե Քոչարյանի
http://www.doctors.am/