Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար  Սևադա Վանիկի Հակոբյանը

Թեմա - Սեռական անհամատեղելիություն

Ընդհանրապես  գոյություն  ունի՞  զույգի  սեքսուալ  համատեղելիություն   հասկացությունը:

-Իհարկե: Զույգը  ամուսնանալիս կամ զուգընկերային  փոխհարաբերություններ  սկսելիս  որոշակի  խնդիրներ  կարող  է  ունենալ  կամ  ոչ: Զույգի  համատեղելիությունը  միջանձնային, հոգեկերտվածքի, սեքսուալ կոնստիտուցիայի, ֆիզիոլոգիական ռիթմերի  լիակատար համընկնումն է: Երբ  առկա են  գործոններ,որոնք  առաջ են  բերում սեքսուալ  ռիթմի, ցանկությունների հակասություններ, առաջանում է սեքսուալ  աններդաշնակություն, անհամատեղելիություն:

Որո՞նք  են  զույգի  սեռական  անհամատեղելիության  ակնհայտ  նշանները:

-Ընդհանրապես  սեռական  կյանքն  ապահովում է  2 ֆունկցիա  օրգանիզմի  համար`  ռեպրոդուկտիվ կամ վերարտադրական և  ռեկրեատիվ, այսինքն` սեքսուալ  հաճույք  ստանալու:Եթե այդ  երկու  ֆունկցիաները  զույգի  մոտ  լիակատար  գործում են` չկա  վեարտադրողկան խնդիր, երկուսն էլ սեքսուալ  կյանքից առավելագույնս գոհ են, ստանում են  հոգեսեքսուալ  բավարարվածություն, ապա ներդաշնակ զուգընկերային փոխհարաբերությունները  ապահովված են:Իսկ եթե  առկա են խնդիրներ տղամարդու  կամ կնոջ  մոտ` վերը  նշված ֆունկցիաների  հետ  կապված, ապա  գործ ունենք սեքսուալ  անհամատեղելիության հետ:

Ի՞նչ  գործոններով է  պայմանավորված տղամարդու և  կնոջ  սեքսուալ  անհամատեղելիությունը:

-Այն ապահովվում է  մի  շարք  գործոններով` սոցիալական,սոցիալ-հոգեբանական, , առանձին  հոգեբանական , ինչպես  նաև ֆիզիոլոգիական: Վերջինիս  շրջանակներում  պետք է  նշել  կոնստիտուցիոնալ  անհամատեղելիության  տարբերակը: Կա  սեռական  կոնստիտուցիայի  3 տիպ, որոնք  մարդու  մոտ  որոշվում են  սեքսոլոգիական  հետազոտության  արդյունքում:Եթե զույգի մեջ կա  կոնստիտուցիոնալ տիպի  տարբերություն, ապա անհամատեղելիության  հավանականությունը  մեծ է:
Օրինակ, եթե տղամարդը  պատկանում է ուժեղ  կոնստիտուցիոնալ  տիպին, նրա  մոտ  բարձր է  սեքսուալ  պահանջմունքը, օրգանիզմը  հագեցած է արական  սեռական  հորմոնի  մեծ  քանակով: Իսկ  նրա  զուգընկերուհին թույլ կոնստիտուցիոնալ  տեսակին է  պատկանում.նրա  համար  հազվագյուտ  սեռական  հարաբերությունները նորմալ  են: Արդյունքում ամուսինը բավարարում է  իր  պահանջմունքը  այլընտրանքով` մաստուրբացիայով կամ արտամուսնական  հարաբերությունների  միջոցով:Եթե  զույգը  չդիմի  մասնագիտական օգնության , հնարավոր է  նաև զույգի  բաժանում կամ ամուսնալուծություն:

Ինչո՞վ է  պայմանավորված  այս  կամ այն  սեքսուալ կոնստիտուցիոնալ տիպը:

-Մեծ դեր ունեն  ժառանգականությունը և  օրգանիզմի  հորմոնալ  հագեցվածությունը:  Կարևոր են  նաև կյանքի ընթացքում ձեռք բերված որոշ հատկանիշներ. սեռական  կոնստիտուցիան պայմանավորում է նաև   սեռական  համակարգի ռեզիստենտականությունը/  դիմակայելը/  տարբեր  վնասակար  ազդակներին:

Իսկ  ի՞նչ  կասեք  տարիքային  գործոնի  մասին: Ինչպիսի՞  դեր է  խաղում այն սեքսուալ  համատեղելիության  մեջ:

-Անխոս  տարիքային տատանումները  ևս մեծ  դեր  ունեն:Տղամարդկանց սեռական  կյանքի  ռիթմն ավելի  բուռն է  16-30 տարեկանն ընկած  ժամանակահատվածում: Կանանց  մոտ կա  որոշակի  ուշացում այս  առումով: Կնոջ   մոտ սեքսուալությունն ավելի  բուռն  արթնացում է  ապրում  30-ն անց  տարիքւոմ:

Արդյո՞ք  դա  նշանակում է, որ  ցանկալի է զույգի մեջ  կնոջ  մի  քանի  տարով  մեծ լինելը  տղամարդուց:

-Սրանք  միանշանակ  հարթվող  ռիթմի  տատանումներ են: Ի սկզբանե տղամարդու  մոտ  ավելի  բարձր են  սեռական կյանքի  պահանջմունքները, սեքսուալ կոմպոնենտը: Եվ եթե  տղամարդը  մի քանի  տարով մեծ է  կնոջից, նրա  սեռական  պահանջմունքները  նվազելով  հասնում են կնոջ ավելի  քիչ  պահանջմունքներին:Կնոջ  համար  ավելի  կարևոր են  քնքշանքները, գուրգուրանքները՝այն է էրոտիկ կողմը, քան բուն սեռական  ակտը:
Երբ զույգի  մեջ  առկա  է  մեծ  տարիքային  տարբերություն, հաճախ  առաջանում է նաև հետաքրքրությունների ու  նախասիրությունների   մեծ  տարբերություն սեքսում: Այս  դեպքում կարող  է  տարբեր  լինել  նաև  սեքսուալ գուրգուրանքների ընդունելիության (приемлемость)  շրջանակը:

Անդրադառնանք  նաև սոցիալ-հոգեբանական  ազդակներին. որքանո՞վ են  ազդում սեռական անհամատեղելիության վրա:

-Այո, մարդկանց  բնավորությունը, բնավորության այս կամ այն գծի շեշտվածությունը, առանձնահատկությունները  կարևոր են: Կնոջ խնդրահարույց  տեսակ է  համարվում հիստերիայի  էլեմենտներով բնավորություն ունեցող  կինը: Կինը  հիստերիայի  շրջանակներում  կարող է  մանիպուլյացիա կիրառել, ողջ ուշադրությունը  հրավիրել իր վրա, սեքսից  հրաժարվելը  վերագրել իր  հիվանդությանը կամ զուգընկերոջ ոչ ճիշտ  սեքսուալ տակտիկային:Նույնիսկ լինում են դեպքեր, երբ  ամուսնանալուց  հետո  կինը  երկար  ժամանակ  հրաժարվում է  սեքսից:Սա  մանիպուլյացիա է տղմարդուն ենթարկեցնելու, սոցիալական կամ որևէ այլ` միջանձնային հարցեր  լուծելու  նպատակով:
Իսկ տղամարդու  դեպքում չհարմարվող է էպիլեպտոյիդ տիպը` չափից  դուրս պեդանտությունը, պահանջկոտությունը  կնոջ  վարքի ու ազատության  նկատմամբ:

Եվ վերջում ` վերը  նշված  պատճառներով  պայմանավորված սեռական  անհամատեղելիությունը  հնարավո՞ր է հաղթահարել կամ գոնե  մեղմել:

-Սեքսապաթոլոգիայի  մասնագիտական ֆունկցիաներից  մեկը զույգի  սեռական ներդաշնակության վերականգնումն է:Եթե զույգը  վաղ է  դիմում, երբ դեռ խնդիրը  խորացած  չէ, և  ընդգրկված  չեն ընտանիքի  այլ  անդամներ ու  հարազատներ (ինչը շատ  բնորոշ է  հայկական մենթալիտետին), շատ  ավելի  հեշտ է սեքսուալ  կյանքի  կորեկցիան: Վերջինս  իր մեջ  ներառում է թե  հոգեբանական, թե  բուժական, թե սեքսոլոգիական  հատուկ  մեթոդների  կիրառումը: Հնարավոր է նաև  դեղորայքով  բուժում, եթե  պետք է  շտկել  հորմոնալ  ֆոնը:
Արդյունքում փոխվում է  զույգի  պատկերացումները  սեքսուալ  նորմայի  ու  պաթոլոգիաների վերաբերյալ: Հաճախ  բավական է  լինում  տեղեկատվություն  տալ  առկա  խնդրի  շուրջ և    վերացնել սեքսուալ  հոգեհիգիենայի մասին  ապատեղեկատվությունը:

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի, ինչպես նաև շատ կարևոր տեղեկատվության համար: Հուսով եմ՝ մեր հանդիպումները և հարցազրույցները կկրեն շարունակական բնույթ:

Հարցազրույցը` Լուսինե Քոչարյանի

http://www.doctors.am/