Սեռական հարաբերությունից հետո դիտվող արյունային արտադրությունը, որը կարող է լինել մի քանի կաթիլ, իսկ երբեմն արյունահոսության նման, կոչվում է պոստկոիտալ: Առաջացման պատճառները շատ բազմազան են` երբեմն այն մի փոքր վնասման հետևանք է լինում, իսկ երբեմն էլ` լուրջ հիվանդության առաջին ախտանիշը: Ուստի չարժե անուշադրության մատնել այն:
Դաշտանից դուրս առավել հաճախ և առաջինը դիտվող արյունահոսությունը հարաբերությունց հետո լինում է դեֆլորացիայի` կուսաթաղանթի վնասման ժամանակ: Երբեմն այն կարող է լինել կոպիտ և շատ ակտիվ սեռական ակտից հետո, երբ վնասվում է հեշտոցի լորձաթաղանթը, իսկ կլիմաքսից հետո դա ավելի ակտուալ է դառնում արդեն ավելի բարակ և ատրոֆիկ լորձաթաղանթի դեպքում:
Հաջորդ հաճախ հանդիպող արյունային արտադրությունը լինում է սեռական օրգանների` հատկապես արգանդի պարանոցի բորբոքման` ցերվիցիտի ժամանակ:
Բորբոքված հյուսվածքներն ավելի հեշտ են տրավմատիզացիայի ենթարկվում: Հաճախ դիտվում է տրիխոմոնիազային, խլամիդիային.հերպեսային ,ինչպես նաև ոչ սպեցիֆիկ բորբոքումների ժամանակ, որոնց երբեմն ուղեկցում է ցավոտ սեռական ակտը:
Պոստկոիտալ արյունահոսություն դիտվում է նաև արգանդի պարանոցի պոլիպի, էրոզիայի, պսևդոէրոզիայի ժամանակ: Վերջինը նույնպես կարող է լինել հետևանք բորբոքային պրոցեսի կամ դիսհորմոնալ փոփոխությունների կամ էլ ծննդաբերության, աբորտի ժամանակ արգանդի պարանոցի վնասման: Բուժելով բորբոքային պրոցեսը, կանոնավորելով կնոջ հորմոնալ ֆոնը` բուժվում է նաև պսևդոէրոզիան, հաճախ վերջնական արդյունքի համար անհրաժեշտ է լինում օգտագործել ֆիզիկական կամ քիմիական նյութեր:
Հղիության ժամանակ դիտվող պոստկոիտալ արյունահոսությունը վկայում է վիժման սպառնալիքի, վաղաժամ ծննդաբերության կամ հղիության այլ ախտաբանության մասին, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Վերջին տարիներին շատ հաճախակի է ախտորոշվում արգանդի պարանոցի քաղցկեղը: Դրա առաջացման մի քանի փուլեր կան` տարբեր աստիճանի դիսպլազիաներ, որոնց դեպքում հաճախ է դիտվում կոնտակտային կամ պոստկոիտալ արյունային արտադրությունը: Զարգացած երկրներում, ինչպես նաև մեր երկրում, արգանդի քաղցկեղի վաղ հայտնաբերման և բուժման համար կատարում են սկրինինգ` ոչ ցավոտ հետազոտություն, որի ժամանակ արգանդի պառանոցից և նրա խողովակից վերցրվում է հատուկ քսուկ: Այդ քսուկը ենթարկվում է բջջաբանական հետազոտության` օնկոցիտոլոգիական հետազոտություն կամ PAP-test: Հետազոտությունը կատարվում է բոլոր սեռական կյանքով ապրող կանանց մոտ, կախված ստացված պատասխանից այն կրկնվում է 3ամսից- 3 տարին մեկ: Այսպես հայտնաբերվում են դիսպլազիայի վաղ փուլերը, կատարվում համապատասխան բուժում և այպես կանխվում է քաղցկեղը: Ուստի, մի զլացեք, դիմեք, անցեք այդ հետազոտությունը, պաշտպանեք ձեր առողջությունը և ինտիմ կյանքը:
Անալ սեքսից ժամանակ հաճախ տեղի է ունենում ուղիղ աղու լորձաթաղանթի վնասում, որի դեպքում կրկին արյունային արտադրություն է դիտվում: Անուշադրության մի մատնեք, քանի որ այն կարող է բարդանալ բորբոքային պրոցեսով, ուղիղ աղու ճաքով: Այս դեպքում նախընտրելի է դիմել պրոկտոլոգի:
Որոշ դեղերի` արյան մակարդելիությունը իջեցնող և հորմոնալ, ընդունման ժամանակ ևս կարող է լինել այս ախտանիշը: Ձեր ընդունած դեղերի մասին միշտ տեղեկացրեք բժշկին:
Երբեմն արյունային արտադրությանը զուգորդում է սուր ցավը աճուկային, գոտկային կամ սեռական օրգանների շրջանում, որը լինում է ձվարանի, ձվարանի կիստայի պատռման, արգանդային կամ արտարգանդային հղիության ընդհատման ժամանակ: Այս դեպքերում միանում են նաև ներքին արյունահոսության նշանները` հաճախասրտությունը, ճնշման կտրուկ իջեցումը, գունատություն և այլն;
Հետևաբար, սեռական հարաբերության ժամանակ կամ հետո դիտվող արյունային արտադրությունը անկախ նրա ծավալից, պետք է բժշկին դիմելու պատճառ հանդիսանա: Եթե արյունային արտադրությունն ուղեկցվում է սուր ցավերով, ապա պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել:
Միայն բժիշկը կարող է պարզել արյունահոսության պատճառը և նշանակել համապատասխան բուժում: