Անատոմիայի պատմության մեջ ծլիկը (clitoris) վաղուց անտեսվել և սխալ է ընկալվել: Մոտ 2000 տարի պահանջվեց գիտությանը, որպեսզի բացահայտի այն։   

Իրականում այս օրգանը նման է այսբերգի, քանի որ դրա մոտ 90 տոկոսը չի երևում արտաքինից: Ծլիկի ձևը շատ բան է բացատրում, այդ թվում `ինչպես է գործում օրգազմը և իրականում ինչ է G կետը: Ծլիկում կա 8000 նյարդային վերջավորություն՝ առնվազն երկու-երեք անգամ ավելի շատ, քան առնանդամում։ Իսկ ինչու՞ էր անտեսված կանացի այդ օրգանը:

Դարեր ի վեր գիտնականների մեծ մասը տղամարդիկ էին և ի վերջո առնանդամը պրակտիկորեն շատ ավելի հեշտ է ուսումնասիրել:  Մինչդեռ ծլիկի մեծ մասը թաքնված է:

Հին ժամանակներում օրգանները բացահայտում և ուսումնասիրում էին դիահերձման արդյունքում։ Իսկ դիակ ստանալու ամենադյուրին ճանապարհը մահապատժի ենթարկված հանցագործներն էին:

Այդ դիակների միայն քիչ մասն էր պատկանել կին հանցագործներին, հաճախ ծննդաբերության ժամանակ մահացած կանանց:

Եվ հենց այդ դիահերձումները փոխեցին կանանց մարմնի վերաբերյալ մեր պատկերացումները:

Հիմա եկեք 2000 տարի հետ գնանք դեպի Հին Հունաստան: Իրականում, Հիպոկրատը երբեք չի իրականացրել կնոջ հերձում, բայց կնոջ ցայլքի շրջանում  նկատել էր մի բան, որն անվանել էր «collumella» կամ փոքրիկ սյունակ: Այսօր այն անվանվում է ծլիկի գլխիկ:

Ըստ Գալենի այդ օրգանը փոքր է, թերզարգացած և որոշ չափով անօգուտ: 

16-րդ դարում Իտալիայի հայտնի անատոմներից՝ Անդրեաս Վեսալիուսը, պնդում էր, որ ծլիկն իրենից ոչինչ չի ներկայացնում և ասում էր, որ ոչ մի առողջ կնոջ մոտ չի կարող գտնել այդ օրգանը:

Բայց նրա աշակերտը` Ռեալդո Կոլոմբոն հայտարարեց, որ բացահայտել է նոր օրգան, որին անվանեց «Amor Veneris» կամ Վեներայի սերը: Նաև պարզեց այդ օրգանի ֆունկցիան՝ անվանելով «կանացի հաճույքի վեհ օրգան»։

Այս հայտնագործությունները նոր դարաշրջանի սկիզբ դրեցին կանացի այդ օրգանի ուսումնասիրման մեջ: Սա ներառում էր նաև գերմանացի անատոմ Գեորգ Կոբելտի նուրբ նկարազարդումները: Դրանք ծլիկի առաջին հստակ պատկերներից էին:


1910թ․, Զիգմունդ Ֆրյոդը, որը հայտնի է որպես հոգեվերլուծաբանության հայր, ուներ բժշկական կրթություն և գիտեր թե ինչ է ծլիկը։ Սակայն Ֆրոյդը կոչեց այն «մանկական օրգան»: Ըստ նրա, հասուն կին դառնալու համար ծլիկային օրգազմը պետք է փոխարինվի «հեշտոցային օրգազմով»: Այսպիսով, նա հորինեց «հեշտոցային օրգազմը»:
Չնայած նրան, որ Ֆրոյդի տեսությունները ակնհայտորեն ոչ գիտական ​​էին, այնուամենայնիվ դրանք նպաստեցին որ այս օրգանը նորից գնա անհայտության և ամոթի գիրկը:

Ավստրալացի ուրոլոգ Հելեն Օ'Քոնելը 1990-ականներին առաջին կատարեց կանանց ծլիկի ՄՌՏ հետազոտությունը՝ սեռական գրգռման ժամանակ:
 2005թ․ին նա հայտարարեց, որ իրականում ծլիկը 10 անգամ ավելի մեծ չափ ունի քան շատերը պատկերացնում էին։ Նշեց նաև, որ այս օրգանը սերտ կապված է միզուկի և հեշտոցի հետ։ Օ'Քոնելն առաջարկեց նոր տերմին՝ «ծլիկային համալիր» (clitoral complex
)։ Փաստորեն ծլիկն ամենևին էլ «մեկուսացված կղզի» չէ։

Հարցումները ցույց տվեցին, որ կանանց միայն 18 տոկոսն է օրգազմ ապրում միայն հեշտոցային հարաբերության ընթացքում: Պարզ դարձավ նաև, որ դա իրականում հեշտոցային օրգազմ չէ այլ պարզապես հեշտոցի պատերի կողմից ծլիկի խթանումն է:

Նույն կերպ, այն, ինչն անվանում ենք «G կետ», իրականում ծլիկի հետնամաս է:

Այս բոլոր մարդիկ իրականում նույնն էին ասում, սակայն տարբեր կերպ, որ բոլոր օրգազմները ծլիկային են: Անկախ նրանից, թե որտեղ եք զգում , ամեն ինչ գալիս է այս եզակի օրգանից:

 

 

Հեղինակ՝ Սաթենիկ Սահակյան

 

 Աղբյուր՝ SciAm