Վագինիզմ - վիճակ,որն առաջանում է կնոջ կամքից անկախ  հեշտոցի, կոնքի հատակի, երբեմն նաև ազդրերի միջային հատվածի և որովայնի պատի մկանների ջղաձիգ կծկման արդյունքում՝ անհնար դարձնելով սեռական ակտի կամ գինեկոլոգիական հետազոտության իրականացումը:


Սեռական հարաբերության ժամանակ դեպի հեշտոց առնանդամի ներթափանցման մշտական դժվարությունը կամ անհնարինությունը կախված չէ կնոջ ցանկությունից  և առաջանում է կնոջ կամքից անկախ : Որոշ դեպքերում գինեկոլգիական գործիքային և մատնային հետազոտության իրականացումը նույպես դժվար կամ անհնարին է լինում:
Ըստ DSM V-ի , այն ներկայումս անվանում են վուլվոդինիա և դասակարգում  որպես  սեռա-կոնքային ցավ, ներթափանցման խանգարում :
Ակնկալվող ցավից խուսափելը կամ ցավի նկատմամբ վախը բերում են վերը նշված մկանների ակամա կծկման Այս ամենը պատճառ է դառնում կույս ամուսնության՝ վիրգոգամիայի  առաջացմանը: Զույգերը երկար տարիներ կարող են ապրել համատեղ կյանքով՝ չունենալով հեշտոցային սեռական  հարաբերություն՝ փոխարինելով այն այլընտրաքային տարբերակներով :
Նշված վիճակը բացասական ազդեցություն է թողնում կնոջ ֆիզիկական և հոգեկան առողջության, աշխատունակության վրա, անհանգստություն է պատճառում անձին և կարող է միջանձնային հարաբերություններում խնդիրների առաջացման, ինչպես նաև  ամուսնական աններդաշնակության պատճառ դառնալ:Այս ամենից անմասն չի մնում տղամարդը, ում մոտ ժամանակի ընթացքում կարող են զարգանալ երկրորդային սեռական խանգարումներ՝ էրեկցիոն դիսֆունկցիա, վաղաժամ սերմնաժայթքում, որոնք էլ ավելի են խորացնում ներանձնային և միջանձնային խնդիրները:
Պատճառները
Վագինիզմի առաջացման մեջ  մեծ դեր ունեն  փսիխոգեն և սոցիալական  գործոնները, որոնց մեջ մտնում են ՝
1. անձնային առանձնահատկություններ , 
2.շրջապատից ստացած սխալ ինֆորմացիա , 
3. զուգընկերոջ անադեկվատ (կոպիտ)վարք ,
4.անտիսեքսուալ դաստիարակություն ,
5. ֆիզիկական և հոգեկան բոնություն , 
6.տղամարդու ինքնահաստատման անվերահսկելի ցանկություն ,
7. վախ կուսազրկումից, հղիությունից, սեռավարակներից և այլն: 
Կարող է առաջանալ տարբեր տարիքային խմբերի կանանց մոտ:Չնայած նրան, որ ներթափանցման խանգարումը  առավել հաճախ  հանդիպում է հեշտոցային սեռական հարաբերության փորձ չունեցող կանանց մոտ , այնուամենայնիվ սեռական հարաբերության դժվարություններ կարող են առաջանալ.
•  ծննդաբերությունից հետո,
•  սեռական բռնությունից հետո,
•  տևական ժամանակ սեռական ձեռնպահությունից և անօրգազմիայից հետո:

Ախտորոշում 
Շատ կարևոր է վագինիզմն ախտորոշելիս բացառել բոլոր տիպի օրգանական  խնդիրները, որոնց ժամանակ առաջացած փոքր կոնքի ցավային համախտանիշը նույնպես կարող է վագինիզմի պատճառ հանդիսանալ: Տարբերակիչ ախտորոշմանն օգնում է հիվանդների կողմից նշվող վախը կամ խուսափելը սեռական հարաբերությունից, որը կարող է առաջանալ նույնիսկ այդ մասին մտածելիս :
Եթե սեքսոլոգիական հետազոտության ժամանակ նշված բնութագրիչների ֆոնի վրա ախտորոշվում է վագինիզմ, ապա անհրաժեշտ է սկսել համապատասխան բուժում:

Բուժում
Այն իր մեջ ներառում է.

1.փսիխոթերապևտիկ բուժում ՝ հիպնո-սուգեստիվ թերապիա, կոգնիտիվ-վարքային թերապիա (սեքս-թերապիա)-որոնք ուղղված են վախի պատճառի բացահայտմանը, դրա հաղթահարմանը՝ կիրառելով  հեշտոցային լայնիչներ:
Բուժումն անցկացվում է զույգային թերապիայի տեսքով՝ նշված մեթոդների միաժամանակյա կիրառմամբ:Այս ամենին զուգահեռ կանանց խորհուրդ է տրվում կատարել Կեգելի վարժությունը : Այն իրենից ներկայացնում է կոնքի հատակի մկանները  մարզող վարժություն, որն ունի դրական ազդեցություն ինչպես բուժման ընթացքի վրա, այնպես էլ ընդհանուր սեռական առողջության պահպանման գործում:
2.դեղորայքային բուժում :
Բուժման արդյունավետությունը կախված է զույգի հավասար ներգրավվածությունից, հասուն և ներդաշնակ միջանձնային հարաբերություններից:



Հեղինակ՝  Լուսինե Ստեփանյան