Սեռական ակտիվությունը կարող է նախաձեռնվել տարբեր պատճառներով, ինչպիսիք են` հաճույքը, կիրքը, կապվածությունը, ինչ-որ մեկին պատկանելու զգացումը, մտերմության և ապահովության ցանկութոյունը և այլն։Մարդու էվոլյուցայի և պատմության մեջ հիմնական շարժառիթներից մեկը երեխա ունենալու ցանկությունն է՝ պրոկրեացիան (սերնդաշարունակություն)։

Անպտղությունը բնորոշվում է որպես զույգի և/կամ անհատների միջև ստեղծված մի վիճակ, որի ժամանակ այդ ցանկությունը չի իրականացվել: Ըստ ԱՀԿ-ի, անպտղությունը սեռապես ակտիվ և չպաշտպանվող զույգի մոտ մեկ տարվա ընթացքում ինքնաբեր հղիության բացակայությունն է:

Երեխա ունենալու չիրականացած ցանկությունը կարող է հանգեցնել մի շարք ռեակցիաների՝ հուսախաբություն, հուսահատություն, զայրույթ, դեպրեսիա, անհանգստություն, սոցիալական արժեզրկում և մեկուսացում, որոնց վրա կարող են ազդել անձնային առանձնահատկությունները, հասարակական և մշակույթային նորմերը, առողջական վիճակը և այլն: Այսպիսով, սեռական ակտն ինքնին զրկվում է պրոկրեացիոն կարողությունից։


Զույգի սեռական վարքը, ֆունկցիան և անպտղությունը դրսևորվում են մի քանի հարթակներում. 

• Սեռական դիսֆունկցիաներ, որոնք նպաստում են անպտղությանը,

• Կլինիկանան վիճակներ, որոնք հանգեցնում են անպտղության և սեռական դիսֆունկցիայի (կոմորբիդություն),

• Սեռական դիսֆունկցիաներ՝ անպղության ախտորոշման և բուժման ընթացքում։

Այս բոլոր դեպքերում սեռական դիսֆունցիաները կարող են ի հայտ գալ առանձին-առանձին`կնոջ  կամ զուգընկերոջ մոտ, ինչպես նաև կարող են ազդել մեկը մյուսի վրա՝ հանդիսանալով կոֆակտոր։
 

Սեռական դիսֆունկցիաներ, որոնք նպաստում են անպտղությանը

Անպտղության առավել ակնհայտ պատճառներից մեկը զույգի միջև կենակցման բացակայությունն է։ Սա այնքան պարզ է թվում, որ բժիշկներն անգամ կարող են չհարցնել  զույգին՝ արդյոք նրանք ընդհանրապես ունենում են սեռական հարաբերություն։ Անպտղությամբ զբաղվող շատ մասնագետներ տեղյակ են այնպիսի դեպքերից, երբ հենց հետազոտման ընթացքում է պարզվում, որ զույգը երբեք չի ունեցել հարաբերություն և չի հայտնել դրա մասին՝ ամաչելով բարձրաձայնել այդ փաստը։ Ամուսնական զույգի խուսափելը կենակցումից կարող է կապված լինել ներքին կրոնական կամ բարոյական համոզմունքների հետ, ըստ որոնց սեռականության դրսևորումը մեղք է համարվում։ Չնայած, որ կրոնների մեծ մասի համար սեռական ակտիվությունն ընդունելի է որպես սերնդաշարունակության միջոց, սակայն սեքսի հիմքում շարունակում է մնալ ‹‹պղտոր և հոգին աղտոտող գաղափարը››, որն իր հերթին կարող է հանգեցնել վերջինից խուսափմանը։   

Սեռական մերձեցումից խուսափման մեկ այլ, ավելի անգիտակցական պատճառ կարող է լինել ներքին կոնֆլիկտը, որն առաջացել է անցանկալի ամուսնության և այլ զուգընկերոջ հետ լինելու ցանկության հետևանքով, որպես ‹‹բողոքի ռեակցիա››:

Անպտղության ավելի քիչ հավանական պատճառ է կանանց մոտ սեռական ցանկության բացակայությունը և նույնիսկ սեռական ավերսիան: Հավանաբար, սա կապված է այն փաստի հետ, որ կինը թեկուզ և առանց սեռական գրգռման և կրքի կարող է հարաբերություն ունենալ՝ երեխա ունենալու և զուգընկերոջ ցանկությունները բավարարելու համար։ Ակնհայտ ֆիզիոլոգիական փաստ է, որ կանայք կարող են հղիանալ առանց ցանկության, գրգռման և օրգազմի սուբյեկտիվ զգացման։

Իսկ տղամարդկանց մոտ սեռական ցանկության բացակայությունն ու ավերսիան, այնուամնայնիվ, կարող է անմիջական կապ ունենալ զույգի պտղաբերության հետ, քանի որ առանց տղամարդկանց ֆիզիոլոգիական գրգռման և սերմնաժայթքման (օրգազմի) անհնար է դառնում հղիությունը։

Որոշ զույգեր փորձել են հարաբերություն ունենալ, բայց պենետրացիան (անդամի ներհրումը) չի հաջողվել կնոջ վագինիզմի պատճառով։ Վագինիզմի դեպքում հեշտոցի մկանների ակամա կծկման պատճառով անհնար է դառնում հարաբերությունը. հանդիպում է կանանց մոտ 0.5-1% -ի մոտ։

Անպտղությանը  մեկ այլ նպաստող գործոն է վաղաժամ սերմնաժայթքման այն տեսակը, որի դեպքում  տղամարդը սերմնաժայթքում է նախքան անդամը հեշտոց ներհրելը։

Մյուս դեպքում, որը առավել հազվադեպ է հանդիպում, տղամարդը դժավարանում է սերմնաժայթքել հեշտոցի մեջ, ինչն էլ հանգեցնում է երկարաձգված հարաբերությանը և հետևաբար դառնում անպտղության հերթական պատճառ:

 

Շարունակելի...

 

Գրականություն՝

1. The EFS and ESSM Syllabus of Clinical Sexology; 2013

2.  Simons JS, Carey MP. Prevalence of sexual dysfunctions: results from a decade of research. Archives of Sexual Behavior-2001; 30: 177-219.

3.  Derogatis LR, Burnett AL. The epidemiology of sexual dysfunctions. Journal of Sexual Medicine-2008 Feb; (2): 289-300.

 Հեղինակ՝ Սաթենիկ Սահակյան