Սեռական բռնության ենթարկված կանանց հիմնական մասը լռում են իրենց հետ տեղի ունեցածի մասին և կրում այդ փորձի ամոթալի հիշողությունը իրենց կյանքի ողջ ընթացքում։ Բազմաթիվ սեռական խնդիրներ իրենց ակունքում ունեն մանկության կամ վաղ պատանեկության տարիներին տեղ գտած սեռական տրավմատիկ փորձառություններ։
Խնդիրն այստեղ այն է, որ այդ կանայք ամաչելու ոչ մի լուրջ հիմքեր չունեն, քանի որ սեռական բռնության զոհ դառնալը իրենց մեղքով չի եղել։
Աշխատելով սեռական տրավմաներ տարած բազում կանանց հետ՝ ինչ-որ մի պահ սկսեցի նկատել ու հետագայում նաև համոզվեցի, որ բռնություն տարած կանայք մի շատ առանձնահատուկ հատկություն ունեն։ Նրանք հենց ամենասկզբից հավատում են տղամարդու՝ մարդ լինելուն։ Այդպիսի կանայք նախ և առաջ տղամարդու մեջ տեսնում են հասկացող մարդու, արժանապատվություն ունեցող մարդկային էակի, ով չի կարող բռնություն գործադրել։ Ու հենց այս հավատն է, որ այդ կանանց դարձնում է սեռական բռնության զոհ, քանի որ հենց այս հավատն է, որ չարաշահվում է բռնարարի կողմից։ Այն կանայք, ովքեր ի սկզբանե թերահավատ են տղամարդու մարդ լինելուն, սեռական բռնության զոհ ավելի քիչ են դառնում, խնդրում եմ՝ ուշադիր այստեղ՝ թերահավատ են ի սկզբանե, որն այս կանանց առավել իմաստուն չի դարձնում նախորդ խմբի համեմատ, մի գուցե նաև՝ ճիշտ հակառակը։
Պետք չէ բռնություն ասելով հասկանալ նաև՝ միայն ֆիզիկական բռնության դեպքերը, շատ հաճախ սեռական բռնությունը զույգերի հարաբերություններում հանդես է գալիս հոգեհուզական չարաշահման տեսքով։ Ընդհանուր առմամբ, պատկերավոր կարելի է ասել՝ երբ մարդկային ինքնությունը կորցրած տղամարդը թափանցում է կնոջ աշխարհ (կամ ավելի ստույգ՝ ներխուժում է), նա շտապով ու ագահաբար սկսում է «լցնել գրպանները կնոջ գանձարաններում պահված թանկարժեք գոհարեղենով ու քարերով, ոսկեղենով ու ակնեղենով», մի խոսքով՝ թալանում է գանձարանը, ինչքան կհասցնի, քանի դեռ դռները բաց են։ Ի՞նչ է անում կինը, նա ապշահար, զարմացած ու վախեցած հետևում է այդ տղամարդու վարքին և պապանձվում ցավից, որը նա ապրում է ոչ թե իր, այլ հենց այդ տղամարդու անկման համար, ում նա հավատացել ու ներս էր թողել։
Չարաշահված կանանց հետ զրուցելիս նկատել եմ նրանց զարմանքը, թե ինչպես կարելի է չհարգել ուրիշի ունեցվածքը, չգիտենալ պարզապես նայել՝ առանց ուզելու, չգիտենալ տեսնել, տեսնել ու հիանալ, հիանալ ու ակնածել։ Այդ կանայք ապշահար զարմանում են, որ տղամարդը կարող է այդչափ հիմար գտնվել ու իրեն զրկել աշխարհի ամենաչքնաղ վայելքից, որն է՝ կնոջ վստահությունը, երբ դռները երբեք չեն կողպվում։ Հետո զարմանում են, թե ինչպես է, որ կնոջ մոտ վագինիզմ է լինում կամ էլ սեռական ցանկության բացակայություն։
Բռնության ենթարկված ու չարաշահված կանայք ամաչում են ոչ թե իրենց, այլ բռնարար տղամարդու վայրագ վարքից, քանի որ նրան պատկերացնում էին ազնիվ ու ազատ ոգի կրող անձնավորություն, մինչդեռ իրականում գործ ունեն կրքի կրակով կուրացած ան-ասունի հետ, չէ, ավելի վատ՝ քան կենդանու, որը գոնե արդարացում ունի ի ծնե այդպիսին լինելով։
Սիրելի իմաստուն կանայք, տղամարդու կողմից սեռական բռնության և չարաշահման զոհ դառնալը ձեր մեղքը չէ, պետք չէ ամաչել ու փակվել ամբողջ կյանքում նմանատիպ փորձառություն ունենալու դեպքում։ Ձեր հավատը տղամարդու ազնվությանը և մարդկային ոգու ազատությանը միանգամայն արդար ու վեհ է, իսկ նմանատիպ իրավիճակներում զոհ գնալու փոխարեն պետք է ուղղակի պաշտպանվել և անգամ հարձակվել։
Հատված "Մուրկա" ֆիլմից