Ժամանակով լինում ա մի թագավոր։ Սրան ունենում ա մինուճար մի աղջիկ։ Էս աղջիկը շատ սիրուն ա լինում։ Շատ խելոք ու շատ նամուսով, բայց միշտ փախչելիս ա լինում աշխարհքի վայելքից։
—Միտք չունեմ,—ասում ա, —աշխարհ մտնելու։ Իմ սիրտը երկնային աստծուն եմ տվել։
Թագավորի տեղը շատ նեղում են.
—Աղջկանդ մարդու տուր, որ մահիցդ հետո աշխարհքը անտեր չմնա։
Թագավորի աղջիկն ասում ա.
—Այ հեր, դե որ էդպես զոռում են, ես էսպես պայման եմ դնում. Ես կուզեմ էն տղին, որ կհամաձայնվի տարին մենակ մի անգամ իմ անկողինը գալ։
Էս բանը հայտնում են աշխարհի բոլոր կողմերին, ամա բոլոր թագաժառանգներն ու իշխանները հրաժարվում են էդ չլսված պայմանից։ Ոչ ոք չի ուզում էդ աղջկան առնել։
Գալիս ա մի նախրչու տղա, ասում ա.
—Ես կուզեմ։ Թե որ թագավորի աղջիկը էդքան համբերող ու նամուսով կլինի՝ ես էլ կլինեմ։ Ես էդ պայմանին համաձայն է, ախպեր, ես դրան կուզեմ։
Թագավորի աղջիկը էս տղի խոսք ու զրույցից հասկանում ա, որ սա համ շատ խելոք ա, համ էլ շատ դիմացկուն ու համբերող։ Բերում են սրանց պսակում։ Թագի տակին երդվում են՝ տարին մենակ մի անգամ իրար հետ անկողին մտնեն.—ով որ մեզանից,—ասում են,—էս պայմանը քանդի, աստված էն րոպեին նրա մեջքը կոտրի։—Ասում են ու իրանց խոսքին հաստատ մնում։
Պսակի առաջին գիշերը աղջիկը հղիանում ա։ Ծեր թագավորը հրաժարվում ա գահից, ու նրա տեղը թագավոր ա նստում փեսեն՝ նախրչու տղեն։ Սա էնպես խելքով ու իմաստությունով ա կառավարում երկիրը, որ ժողովուրդը սրտով սիրում ա ու պատվում սրան։
Վրա երկրորդ տարին թագուհին պառկում ա, բերում մի սիրուն տղա։ Աշխարհքն էլ իրանց սիրած թագավորի ու թագուհու հետ ուրախանում ա ու զվարճանում ա։ Բոլորի բերանին նրանց բարի գործերն ու անարատ հալալ սուրբ անկողինն ա լինում։ Օրերը գալիս են՝ անց կենում, թագուհին մի տղա էլ ա բերում։
Էդ վախտերը, մի իրիկուն, մի քանի փչացած ջահել տղերք քեֆ անելիս են լինում։ Նրանցից մեկն ասում ա, —թագավորի ու թագուհու բախտավորությունն էլ երկար չի քաշիլ։ Թագավորը տարին մեկ ա գնում թագուհու անկողինը։
—էդպես ա,—ասում ա մյուսը, —ասում են, հենց էս գիշերընրանց ժամկետը լրանում ա։ Թագավորը պիտի գնա թագուհու անկողինը։
—Տղերք,—ասավ սրա կողքին նստողը,—ես էս գիշեր գնալու եմ թագուհուն խաբեմ։ Թե ես նրանց բախտավորությունը չքանդեմ, ես՝ ես չեմ։
Ընկերները ասին՝ ինչացո՞ւ ես դու, ին՞չ քու խելքի բանն , որ էդ անես։ Նա թե՝ ես էդ բանը թե գլուխ չբերեմ, ինձ շուն-շան որդի ասեք։ Ու մարջ ա գալի։
Էս փչացած, աննամուս տղեն գալիս ա ընկնում թագավորի ոտները։
—Տեր թագավոր, աչքիդ ու գլխիդ մատաղ,—ասում ա, —ես մի քյասիբ տղա եմ։ Մի սիրուն աղջիկ եմ սիրել, էս գիշեր գնալու եմ որ նշանը տամ։ Ամա էս շորերով ամաչում եմ գնամ։ Քու շորերիցը մի ձեռք տուր, հագնեմ, գնամ սիրածիս մոտ, ետ կգամ շորերդ կտամ քեզ։
Թագավորի մեղքը գալիս ա.—հայ գիտի,—ասում ա, —ես էլ եմ սրա օրին եղել՝ տկլոր, առանց լավ շորի։
Ու մի ձեռք իր շորերից տալիս ա էդ տղին։
Տղեն հագնում ա, գնում թագավորի շորերով ու անունով թագուհու անկողինը պղծում, ետ գալիս, շորերը տալիս թագավորին․
—Շնորհակալ եմ թագավոր, —ասում ա ու գնում կորչում։
Մի քիչ հետո թագավորը գնում ա թագուհու մոտ, դուռը ծեծում ա։
—էն ո՞վ ա,—ձեն ա տալիս թագուհին։
—Ես եմ, թագուհի ջան, դուռը բաց արա։
—Թագավոր, ի՞նչ եղավ քեզ, նոր չգնացի՞ր էստեղից։
Թագավորը գլխի ա ընկնում, որ միամիտ թագուհին խաբվել ա իրա շորերին, ու էդ բանի պատճառն էլ ինքն ա։
—Վա՜յ, մեջքս կոտրեց, թագուհի,—ասում ա ու վեր ընկնում։
Թագուհին դուռը բաց ա անում, տեսնում՝ թագավորի մեջքը կոտրել ա։
—Իմ անգին թագուհի,—ասում ա թագավորը,—քեզ շատ անչափ սիրելուց երկրորդ անգամ եկա, դրա համար աստծո պատիժը մեջքս կոտրեց։
Թագուհին վրա ա ընկնում մարդին, արտասուք թափում, օգնություն կանչում։ Պալատականները թագավորի համար բժիշկներ ու հայտնի գրբացներ են կանչում, ամեն տեսակ դեղ ու դարման են անում, ամա թագավորին լավանալու ճար չի լինում։
Էն օրվանից անց ա կենում ինն ամիս, ինն օր, ինը ժամ, ինը րոպե, թագուհին ծունկը գետնին ա տալիս, բերում ա երրորդ տղեն։ Խաբարը տանում են հիվանդ թագավորին, աչքալիս են տալիս թագուհու կողմից։
Էստեղ թագավորը գիր ա գրում թագուհուն, թե.
—Ես իմ երեք որդիներից մեկին զրկում եմ ժառանգությունից։ Գրի տակին ձեռք ա քաշում, կնիքը խփում, ձեռները ծալում դոշին, աչքերը գցում երկինք ու հոգին փչում։
Մինչև տղերանց հասնելը թագուհին ա երկիրը կառավարում։ Ուշք ու միտքը գցում ա իրա երեք տղի վրա, որ մեկը մյուսից լավն են լինում, խելոք ու սիրուն։ Համ էլ շատ ա միտք անում, թե ինչո՞ւ թագավորը տղերքից մեկին զրկեց ժառանգությունից։ Միտք ա անում, ամա գլխի չի ընկնում պատճառը։
Օրեր են էլի, գալիս, անց են կենում։ Տղերքը մեծանում են, հասնում են գահին նստելուն, ամա ոչ ոք չի կարում իմանա, թե դրանցից ո՞ր մեկն ա զրկված ժառանգությունից։ Թագուհին իմացած ա լինում, որ կողքի երկրի թագավորը մի շատ խելոք, իմաստուն ու աստվածավախ մարդ ա։ Երկրի բանիմաց մարդիկը խորհուրդ են տալիս, որ տղերքը գնան էդ թագավորի մոտ, բալքի նա մի բան գլխի ընկնի, մի ճամփա ցույց տա։
Տղերքը գնում են, հասնում էդ թագավորի դուռը։
—Բարով, հազար բարին եք եկել,—ասում ա էդ թագավորը,—ճամփա եք կտրել, բեզարել, սոել եք․ էսօր դինջացեք հաց կերեք, քնեք, առավոտը, որ աստծու լույսը բացվի, տենանք, թե ձեր դարդին ի՞նչ դարման կարվի։
Առավոտը տղերքը պատմում են թագավորին իրենք դարդը։ Թագավորն էլ պատմում ա իրա աղջկան, որ նրանց կտակի միտքը բաց անի։
Թագավորի աղջիկը, որ դուրս ա գալիս իրա սենյակիցը, քողը վրայից դեն ա նետում, նրա երեսի լույսիցը տղերքը աչքերը խուփ են անում՝ հենց իմանում են արեգակ ա դուրս եկել։
Թագավորի աղջիկն ասում ա.
—Ձեր ուզածը ես գիտեմ, հլա դեռ ինձ լսեք մի բան պատմեմ, հետո կմտածենք, թե ոնց անենք, որ դուզ ճամփեն գտնենք։
Մի օր մի քանի աղջիկ գնում են հանդը բոխ ու զոխ քաղելու։ Դրանցից մեկը մյուսներից ջոկվում ա, զոխ ու բոխ քաղելով շատ ա հեռանում, մին էլ մտիկ ա անում, տեսնում ա, որ մնացել ամենակ ու էստեղ մի չոբան ոչխար ա արածացնում։
Չոբանը տեսնում ա էս սիրուն աղջկան, քեֆը գալիս ա, սիրտը ցնծում ա, բռնում ա էդ սիրունին, որ սիրի, աղջիկը աղաչում ա.
—Չոբան ախպեր,—ասում ա,—ուխտ ունեմ արած, որ անարատ մնամ, սուրբ սրտով իմ թագին ու պսակին արժանի լինեմ։ Ես քեզ հաստատ խոսք եմ տալիս, որ իմ պսակի առաջին գիշերը, էլի էսպես մաքուր ու անարատ գամ քու մոտ։
Չոբանը էդ աղջկան հավատում ա ու բաց թողնում։
Ժամանակ ա անցնում։ Էս աղջիկը պսակվում ամի շատ լավ տղի հետ։ Առաջին գիշերը, երբ սրանք մտնում են իրանց սենյակը, աղջիկը սիրտը բաց ա անում տղի առաջ, իր գլխի եկածը պատմում.—Ոտիդ ու գլխիդ մատաղ, իմ տեր, թագ ու պսակ, ես չոբանին հաստատ խոսք եմ տվել, չեմ ուզում խոսքս կոտրել։ Բեր դու ինձ բաց թող, գնամ նրա մոտ։ Թե ինձ սիրում ես, մի թող, որ ես խոսքս գետին գցեմ, չոբանի մոտ անազնիվ դուրս գամ։
—Գնա,—ասում ամարդը,—որ դու հաստատ խոսք ես տվել, չոբանն էլ քեզ հավատացել ա, քեզ բաց ա թողել, գնա քո ազնիվ խոսքը կատարի։
Ու անարատ բաց ա թողնում իր նորահարսին. . .
. . .Էստեղ թագավորի աղջիկը խոսքը կտրում ա ու դառնում մեծ աղբորը, հարցնում,—Ուղիղն ասա, թագավորի մեծ տղա, դու որ լինեիր էդ տղի տեղը, քու նշանածին, քու նորահարսին, քողն էլ երեսին բաց կթողնե՞իր։
—Իհարկե, բաց կթողնեի, որ չոբանը նրան հավատացել ա, նա էլ հաստատ խոսք ա տվել, էն նորափեսեն էդպես պիտի աներ։
Թագավորի աղջիկը լռում ա, հետո շարունակում․
—Էդ նորահարսը քողն երեսին, գնում ահասնում չոբանի տուն, դուռը ծեծում․ «Չոբան ախպեր,—ասում ա,—ես իմ խոսքի տերն եմ, էս գիշեր պսակվեցի, իմ նշանածից իրավունք առա, անարատ եկել եմ քու մոտ, հիմի մնացել եմ քու խղճմտանքին, թե ուզում ես ինձ հոգեց-հոգի կորցնել, թե ուզում ես, որ իմ մարդը ամեն օր ինձ երեսծեծանք անի, թե ուզում ես, որ ես անբախտ լինեմ, ամեն օր աղի արտասուք թափեմ՝ կատարի քո կամքը։
Չոբանը զարմանում աէդ նորահարսի ու իր նորափեսի ազնվության վրա, սիրտը փուլ ա գալի, ասում ա,—դու իմ քույրն ես, իմ բերնի սրբությունն ես ու օրհնանք ես, գնա, քու մուրազին հասի։ Քու նշանածն էլ սրանից դենը իմ ախպերն ա։ Իմ դուռը միշտ բաց կլինի ձեր առաջ. . .
. . .Էստեղ թագավորի աղջիկը իր պատմությունըկտրում ա ու դառնում միջնեկ ախպորը հարցնում.
—Ուղիղն ասա, թագավորի միջնեկ տղա, դու որ լինեիր էն չոբանի տեղը, էն սիրուն նորահարսին, քողն երեսին, բաց կթողնե՞իր։
—Իհարկե, բաց կթողնեի։ Երբ որ նորահարսն ու փեսեն էնքան ազնիվ էին, որ մեկն իրա հաստատ խոսքի տերն էր, մյուսն էլ իր նշանածի խոսքը չկոտրեց, ազնիվ չոբանն էլ իր մարդկությունը ցույց տվեց, ես հո քարսիրտ չեմ, որ բաց չթողնեի։
Թագավորի աղջիկը էլի սուս կացավ, հետո շարունակեց․
—Նորարսը, չոբանից որ հեռացավ, վազեց, ինչքան ուժ ուներ, որ շուտ հասնի իր փեսին, էնա հասել էր քաղաքին, որ մի քանի լոթի տղերք նրա առաջը կտրեցին․ «Հիմի, որ իսկական քեֆ կանենք,—ասին,—որսը իրա ոտովն եկավ»։ Ուզեցին խայտառակ անեն։
Նորահարսը, քողն երեսին, նրանց ոտներն ընկավ․ «Ախպերտինք, ձեր ջանին ղուրբան, ձեր ոտին մատաղ, թողեք մի երկու խոսք ասեմ ու հետո ինչ ուզում եք, արեք»։
ՈՒ նա պատմեց իր գլխին եկածը, ասեց․ «Կամ ինձ էստեղ սաղ-սաղ թաղեցեք, կամ թողեք գնամ մուրազիս հասնեմ։ Որիդ քուր չունեք՝ ինձ քուր հաշվեցեք, որիդ էլ ունեք, մեկն էլ ավելացրեք»։
Էդ լոթիքը խղճացին նորահարսին ու բաց թողին։
Էստեղ թագավորի աղջիկը իր պատմությունը կտրում ա ու պուճուր ախպորը հարցնում․
—Ուղիղն ասա, թագավորի պուճուր տղա, դու որ լինեիր էն տղերանց տեղը, էն սիրուն հարսնացուին բաղ կթողնեի՞ր։
—Չէ, բաց չէի թողնի, ես զարմացել եմ էն նորափեսի վրա, որ սարսաղություն արավ, իր նորահարսին բաց թողեց կես գիշերին գնա չոբանի մոտը։ Չոբանն էլ սարսաղություն արավ, իր ոտով եկած որսը ձեռից բաց թողեց։ Էն լոթի քեֆ անող տղերքն էլ սարսաղություն արին, որ նրան բաց թողին։ Ես էդ բանը չէի անի։ Հլա մի ուզածս կանեի, հետո ինչ ուզում էր լիներ։
Թագավորի աղջիկը վեր ա կենում ու էդ տղին ասում.
—Ժառանգությունից զրկվածը հենց դու ես, որ կաս։ Դու խառնակ արյուն ունես, որ քեզ էդպես ա խոսացնել տալիս։ Դու էն թագի տակ երդում կերած հոր ու մոր հալալ տղեն չես։ Քու աշխարհ գալում կամ հերդ ա խաբված, կամ մերդ, կամ թե չէ՝ երկուսը միասին։ Հալբաթ թագավորին մի ուրիշը խաբել ա ու նրա անունով խաբել քո մորը։ Հենց էդ ա թագավորի մեջքը կոտրել։
—Ապրես աղջիկ ջան,—ասաց թագավորը,—շատ ճիշտ ես գտել զրկվածին։
Էստեղ վեր ա կենում թագավորի մեծ տղեն, էս թագավորի ձեռը պաչում ա, ասում.
—Տեր թագավոր, թե որ արժան կհամարես, խնդրում եմ քու աղջկա ձեռքն ինձ տաս։
Աղջիկն էլ տենելուն պես սիրահարվում ա մեծ ախպորը։ Թագավորը իր ձեռքով նրանց հարսանիքն անում ա ու մեծ բաժինքով ու դուժինքով ճանապարհ դնում։
Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Հայկական ժողովրդական հեքիաթ