Երեկոյան, հարմարավետ տեղավորված բազկաթոռում, փորձում եմ պատախանել էլեկտրոնային հասցեով  բժիշկ-սեքսոլոգին ուղղված հարցերի շարանին: Ամեն օր բացում եմ փոստարկղս և սովորաբար 5-10 հարց եմ տեսնում: Թռուցիկ անց եմ կացնում  առաջին նախադասությունները  -Սիրելի բժիշկ, արդյոք կուսաթաղանթի…., -Ինչպես երկարաձգել ակտի…, -ամուսնացած եմ ու մինչ օրս օրգազմ չեմ …., - գրգռվածությունս չի հասնում օրգազմի…


Ինչ են ուզում հարցադրող նամակագիրները? Հիմնականում խնդիրը հետևյալն է` երկարեցնել ակտը ու այնպես անել, որ կինը օրգազմ ապրի: Դրա համար զույգը կենտրոնանում է սեռական ակտի մեխանիկական պարամետրերի կատարելագործման վրա, տղամարդուն հուզում է այն, որ լավ անի  իր գործը, որպեսզի արժանի գնահատական ստանա իր և կնոջը աչքերում, կնոջն էլ հուզում է օրգազմը, որպեսզի  ադեկվատ կնոջ ինքնահաստատում ստանա: Ու այսպիսով սեռական հարաբերությունը հավասարեցվում է լորձաթաղանթների հմուտ հարումներին և սեքսուալ երևակայությունների գրկում ինքնամոռացությանը:
Արի հասկանանք իրականում ինչ է  սեքսուալ գրգռումը և ինչպես հասնել դրան: Սեքսոլոգիական տեսանկյունից սեքսուալ գրգռվածությունը ներքին սուբյեկտիվ վերապրում է, որը հարուցվում է սեքսուալ ազդակների շնորհիվ և դրսևորվում մարմնական փոփոխություններով: Երբ մարմինդ սեքսուալ գրգիռներ է ընկալում, նա անպայման դրսևորում է  պատասխան ռեակցիա: Ամբողջ խնդիրը ընկալման մեջ է: Հարկավոր է, որ գրգռումը հասնի համապատասխան մակարդակի, որպեսզի սեռական օրգանները պատասխան տան: Հասնելով ավելի բարձր գրգռման մակարդակի անպայման օրգազմ կունենաս: Սեռական օրգանների ֆիզիոլոգիական պատասխանը և օրգազմը սովորական ռեֆլեքսներ են, որոնք թողարկվում են բոլոր այն դեպքերում, երբ բավականաչափ գրգիռներ են կուտակվում:
Գոյություն ունի գրգռման շեմք և օրգազմի շեմք հասկացություն: Շեմքը դա գրգիռման այն նվազագույն մակարդակն է, որն անհրաժեշտ է պատասխան ռեակցիայի մեկնարկման համար: Սեքսուալ գրգռվածություն զգալու համար գոյություն ունի մի շեմք, օրգազմի համար մեկ այլ` ավելի բարձր շեմք: Եթե դու կարողանում ես հասնել քո գրգռման և օրգազմի շեմքերին, ապա համարվում է, որ դու սեքսուալ տեսանկյունից առողջ ես:
Հիմա այն մասին, թե երբ է մարմինդ ի վիճակի ընկալելու  սեքսուալ գրգիռները: Մարդը բնության մեջ միակ արարածն է, որն ունի զարգացած գլխուղեղի կեղև: Դա գլխուղեղի այն հատվածն է, որը պատասխանատուն է մեր ինքնագիտակցության համար, այն նշանակություն և իմաստ է հաղորդում մեր բոլոր ապրումներին, այդ թվում սեռական: Սեքսի ընթացքում մեր բոլոր ապրումների իմաստավորումները ազդում են մեր մարմնի արձագանքող ունակության և սեքսուալ բավարարման վրա:
Միայն զգայարանների խթանումը բավարար պայման չէ մարդու սեքսուալ գրգռման համար:  Սովորաբար մենք կենտրոնանում և շեշտը դնում ենք շոշափելիքի և ավելի նվազ չափով  տեսողական, ձայնային, համի կամ  հոտառության զգայությունների վրա: Բայց գրգռվելու համար շատ ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե բուն զգայական խթանումը, այլ այդ զգայությունների հետ   կապակցված զգացմունքային վերապրումները և մտքային իմաստավորումները: Քո զգացմունքները և միտքը շատ ավելի վճռորոշ դեր են խաղում քո սեռական օրգանների նորմալ գործունեության համար, քան մեխանիկական գրգիռները որպես այդպիսին: Ուստի մի փորձիր միտքդ զբաղեցնել զուգընկերոջդ/ուհուդ “ճիշտ” գրգռելու կամ գրգռվելու կպչուն ձգտումով, այլ ուշադրությունդ կենտրոնացրու այն բանի վրա, թե ինչ է կատարվում ձեր երկուսի միջև այդ ընթացքում` էմոցիոնալ կապի մեջ մնալով նրա հետ ամեն ակնթարթ:  
Այսպիսով քո սեքսուալ գրգռվածությունը սեքսի ընթացքում համագումարն է զգայական խթանումի և բոլոր զգացմունքների ու մտքերի ամբողջականության` այն մասին, թե ինչ ես դու անում, ինչպես և ում հետ ես անում,  ինչ նշանակություն ունի այն քո համար: Սեքսուալ գրգռումը ավելին է քան լորձաթաղանթների փոխադարձ հարումը (ինչպիսին է կենդանիների մոտ), ավելին է քան այդ հարումը գումարած սեքսուալ երևակայությունները: 
Հիմա առանձին բացատրեմ յուրաքանչյուրը` զգայական խթանում մի կողմից և զգացմունքեր, մտքեր` մյուս:
Զգայական խթանում- խոսքը գնում է ֆիզիկական, մեխանիկական խթանման մասին, թե ինչքան, ինչպես և ինչքանով հաջող է այն իրականացվում: Այս մեխանիկական գրգիռները նյարդային ուղիներով փոխանցվում են գրգռման օջախից դեպի ողնուղեղ, ապա գլխուղեղ և ի վերջո վերադառնում քո սեռական օրգաններին: Կարող ես ինքդ հասկանալ թե ինչքան կարևոր է գրգիռների փոխանցման այս ընթացքը:  Ցանկացած բան, որ կարող է խոչընդոտել դրան, կիջեցնի քո գրգռման մակարդակը և ի վերջո դու կբախվես  սեքսուալ խանգարման և անբավարարվածության հետ:  Դա կարող է լինել նյարդային կամ անոթային հիվանդություն, հորմոնալ շեղումներ, բնածին արատներ, որևէ հիվանդություն կամ տրավմա, բժշկի կողմից նշանակված կամ ինքնուրույն ընդունած դեղորայք, վիրահատական միջամտություն, հոգնածություն, սթրես, հիշիր այս բոլորը կարող են ազդել գրգիռները հաղորդելու և  նյարդային մշակման ենթարկելու քո մարմնի բնական ունակության վրա:   Ալկոհոլիզմի, շաքարային դիաբետի և երիկամային անբավարարության հետևանքով առաջացող անոթային, նյարդային և հորմոնալ բարդությունները նույնպես սեքսուալ գրգռման խանգարման պատճառներից են: Եթե կասկած կա որևէ բժշկական խնդրի առկայություն, ապա անպայման պետք է մանրամասն բժշկական հետազոտություն անցնել, որպեսզի ճշտվի ախտորոշումը և բուժման համապատասխան կուրս նշանակվի: Հիշիր սակայն, որ երբեմն նույնիսկ ծանր ֆիզիկական խնդրի առկայության դեպքում, միայն մտքով, մտքի հզոր ուժով հնարավոր է դառնում սեքսուալ զգայություն վերապրել, կան դեպքեր, որ անդամալույծ հիվանդներին հաջողվել է նոր  էռոգեն զոնաներ արթնացնել զգայունակությունը պահպանած մարմնի հատվածներում:
Զգացմունքներ և մտքեր:   Զգացմունքները և մտքերը մեծ ազդեցություն ունեն քո սեռական գրգռման վրա: Որպես օրինակ բերեմ հետևյալ փաստը` որոշ մարդիկ նշում են, որ իրենց էրեկցիան/լյուբրիկացիան ավելի արտահայտված է, երբ իրենք “տվողի”, այլ ոչ թե “ստացողի” դերում են: Գիտես ինչու՞ : Որովհետև տալը մեզ ազատում է վերցնելու հետ ամրակցված մեղքի զգացումից կամ էլ թեթևացնում այն ճնշող զգացողությունը, որ պիտի (չգիտես թե ինչու) անպայմանորեն գրգռվես, երբ քեզ ընդամենը շոշափում են:  Զգացմունքային խթանումը շատ հաճախ ավելի հզոր նախապայման է սեքսուալ ֆունկցիայի հաջող իրականացման համար, քան ուղղակի շոյանքը: 
Մեր զգացմունքերը և մտքերը ազդում են մեր զգայական ընկալման վրա, որպեսզի զգայությունը լինի հաճելի, հարկավոր է, որ մեր միտքը և զգացմունքերը նպաստեն դրան: Եթե դու տխուր ես, բարկացած ես կամ ուղղակի մտազբաղ ես այլ խնդիրներով դժվար թե քո զգայական ընկալումները ստանան էրոտիկ երանգավորում, որը կբերի գրգռման ու սեռական հաճույքի: Այս դեպքերում այն ամենը, որ սովորավար քեզ սեքսուալ տրամադրվածություն էր ներշնչում, չի ունենում նմանատիպ ազդեցություն:  Օրինակ, եթե դու զգում ես գրգռվելդ և գիտակցում, որ անհամապատասխան վայրում ես, ապա զգայական քո վերապրումը  կարող է թույլ լինել և այս դեպքում այն չի տանի դեպի սեքսուալ գրգռվածություն և օրգազմ: ՈՒ հակառակը, եթե “ընդունված կանոնները խախտելու”  գաղափարը գրգռում է քեզ, ապա այդ նույն զգայական ընկալումները այն աստիճանի ուժեղ կարող են լինել, որ հասցնեն օրգազմի: Դրա ծայրահեղ օրինակը կարող են լինել էքսհիբիցիոնիստները  կամ վուայերիստները: Որոշ սեքսուալ բռնարարներ նույնպես նմանատիպ ստերեոտիպով են առաջնորդվում:
Ցանկացած չլուծված էմոցիոնալ խնդիր կարող է ազդել քո զգայական ընկալունակության վրա: Օրինակ, որոշ մարդիկ դրսևորում են նորմալ սեքսուալ ֆունկցիա, եթե գտնվում են սիրո մթնոլորտում, անգամ թույլ մեխանիկական գրգռման դեպքում: Իսկ եթե դու խնդիր ունես ինտիմ հարաբերության հետ, ապա հնարավոր է, որ ավելի հեշտ գրգռվես ու հաճույք ստանաս   պատահական մարդու հետ կապի ժամանակ, ինչպես ասում են մի գիշերվա ընկերոջ/ուհու հետ: Մարդիկ, ովքեր վախենում են վերահսկման տակ գտնվելուց (կոնտրոլից), գրգռման դժվարություններ են ունենում պարտավորությամբ ամրագրված հարաբերություններում, բայց ոչ երբեք պարտավորություննրից զերծ կապերի ժամանակ: Իսկ նրանք, ովքեր վախենում են մերժվելուց կդրսևորեն ճիշտ հակառակ վարքային ստերեոտիպ:
ՈՒժեղ արտահայտված տագնապի զգացումը հայտնի է սեռական գրգռման վրա իր ունեցած կործանարար ազդեցությամբ: Թույլ տագնապի զգացումը սակայն ունի հակառակ ազդեցություն, այն ուժեղացնում է սեռական գրգռումը, ահա թե ինչու նորությունը սեքսի մեջ ունենում է սուր զգացողություն: Իսկ չափից դուրս հանգիստ լինելը կարող է սեռական ձանձրույթ առաջացնել, որը կնվազեցնի սեքսուալ գրգռման մակարդակը:
Քո զուգընկերոջ/ուհու զգացմունքերը նույնպես անդրադառնում են քո գացմունքների և սեքսուալ գրգռման վրա:  Բավական է հիշել ինչ ես զգում, երբ կողակիցդ դրսևորում է ձանձրույթի, անտարբերության, սառնության նշաններ կամ էլ պնդում է, որ դու անպայման հասնես օրգազմի` իր իսկ սեքսուալության հաստատման համար: Ինչքան էլ նա քեզ շոյի, շոշափի, միևնույն է այս դեպքում դու չես կարող հասնել քո օրգազմի շեմին: Որովհետև այն ինչ դու վերապրում այս դեպքում ունի բացասական ենթատեքս և դրա ազդեցությունը քո զգայունակության վրա արգելակումն է:
Սեռական գրգռման և օրգազմի խանգարումների պատճառները այնքան տարբեր և անհատական են, ինչպես մարդը ինքն է: Հնարավոր է, որ միանգամից մի քանի գործոններ են միաժամանակ ազդում և թուլացնում քո սեքսուալ զգայունակությունը:   Դրա համար, յուրաքանչյուր հարցադրողի իր սպեցիֆիկ պատասխանն է անհրաժեշտ, իսկ վերոշարադրյալը ընդամենը համընդհանուր գիտելիք էր: