Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ)/սեռավարակ, իրազեկման շաբաթը, որը նշվում է ապրիլի երկրորդ շաբաթը, հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկությունը ՍՃՓՎ -ների մասին և դրանց ազդեցության մասին,

նվազեցնել խարանը/ստիգման, վախը և խտրական վերաբերմունքը կապված ՍՃՓՎ-ների հետ. և մարդկանց տրամադրել գիտելիքներ, որպեսզի կանխեն, ստուգեն և բուժեն ՍՃՓՎ-ները։
ՍՃՓՎ-
ների վերաբերյալ կեղծ ենթադրությունները, թե ինչպես են դրանք տարածվում, կանխվում և բուժվում, ամենուր են, և մարդկանց համար իրոք կարող է դժվար լինել գտնել հավաստի փաստեր: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ ճիշտ տեղեկատվություն ունենան ՍՃՓՎ-ների կանխարգելման և ստուգման վերաբերյալ:

Եթե դուք սեռական ակտիվ եք կամ մտածում եք սեռական ակտիվ դառնալու մասին, ապա շատ կարևոր է Խոսել, Հետազոտվել և Բուժվել, որպեսզի պաշտպանեք ձեր առողջությունը: Այս երեք փոքր քայլերը կարող են մեծ ազդեցություն ունենալ ձեր սեռական առողջության վրա:


Խոսել
Բաց և անկեղծ խոսեք ձեր զուգընկերոջ և բժշկի հետ սեռական առողջության և ՍՃՓՎ-ների մասին:
Զրուցեք ձեր զուգընկերոջ հետ այն մասին, թե երբ եք վերջին անգամ հետազոտվել և առաջարկեք այն միասին անցնել։ Եվ եթե դուք ունեք սեռավարակ, ապա տեղեկացրեք նրան դրա մասին: Այս խոսակցությունները կարող են դժվար թվալ, սակայն անկեղծ շփումը ձեր զուգընկերոջ հետ անհրաժեշտ է առողջությունը պահպանելու և ՄՃՓՎ-ների տարածումը դադարեցնելու համար: Այս խոսակցությունները կարող են նաև ձեզ ավելի մտերմացնել։
Ոչ բոլոր բուժզննումներն են ներառում ՍՃՓՎ-ների հետազոտություն: Ճշտեք ձեր բժշկից, թե որ ՍՃՓՎ-ի համար պետք է հետազոտվեք։

Հետազոտվել
Սա միակ միջոցն է, որով հստակ կարող եք իմանալ, թե արդյոք ունեք ՍՃՓՎ։ Շատ ՍՃՓՎ-ներ չեն առաջացնում որևէ ախտանիշ, ուստի հստակ իմանալու միակ ձևը հետազոտվելն է:
ՍՃՓՎ-ները հայտնաբերելու թեստերը արագ են, հեշտ և սովորաբար անցավ: Օրինակ՝ ՄԻԱՎ-ի արագ թեստերը կարող են ընդամենը 20 րոպեի ընթացքում տալ պատասխան:

Բուժում
Եթե  ձեզ մոտ հայտնաբերվել է ՍՃՓՎ, ապա դիմեք բժշկի՝ ճիշտ բուժում ստանալու համար: Մի զբաղվեք ինքնաբուժությամբ։
Որոշ ՍՃՓՎ- ներ կարող են հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, եթե դրանք չբուժվեն: Օրինակ՝ չբուժված ՍՃՓՎ-ն՝ խլամիդիան, կարող է դժվարացնել կամ անհնար դարձնել կնոջ հղիանալը: Չբուժված ՍՃՓՎ-ները կարող են նաև մեծացնել ՄԻԱՎ-ի փոխանցման կամ վարակման հավանականությունը։
Կարևոր է իմանալ նաև, որ բոլոր ՍՃՓՎ-ները, նույնիսկ ՄԻԱՎ-ը, ենթարկվում են բուժման, դրանց մեծ մասը լիովին բուժելի են: Ինչքան շուտ հետազոտվեք, այնքան շուտ կկարողանաք միջոցներ ձեռնարկել ձեր ու ձեր զուգընկերոջ/ զուգընկերների առողջությունը պաշտպանելու համար:


Ահա, մի քանի փաստեր կապված ՍՃՓՎ-ների հետ։

·     Սեռավարակներն ամենից շատ ազդում են երիտասարդների վրա: ԱՄՆ-ում բոլոր ՍՃՓՎ-ների նոր դեպքերի կեսը հայտնաբերվում է 25 տարեկանից ցածր մարդկանց մոտ:

·      Եթե ​​դուք սեռապես ակտիվ եք, կարող եք մի քանի եղանակով նվազեցնել ՍՃՓՎ-ներով վարակվելու ռիսկը, օրինակ,ճիշտ կիրառելով լատեքսային պահպանակը՝ սկզբից մինչև վերջ։

·       Գրեթե բոլոր ՍՃՓՎ-ները, որոնք կարող են փոխանցվել առանց պահպանակի հեշտոցային հարաբերության  միջոցով, կարող են փոխանցվել նաև առանց պահպանակի օրալ և անալ հարաբերութունների միջոցով:

·       Նույնիսկ եթե օգտագործում եք հակաբեղմնավորիչներ, միևնունն է պետք է մտածել ՍՃՓՎ-ների կանխարգելման մասին: Հակաբեղմնավորիչ մեթոդները, ինչպիսիք են հաբը, փաթչը, օղը և ՆԱՊ-ը, արդյունավետ են հղիությունը կանխելու համար, սակայն դրանք չեն պաշտպանում ՍՃՓՎ-ներից և ՄԻԱՎ-ից:

·       Սեռավարակներից խուսափելու ամենահուսալի միջոցը հեշտոցային, անալ և օրալ հարաբերություններով չզբաղվելն է։
 
Այսպիսով, եթե դուք սեռապես ակտիվ եք, ապա ՍՃՓՎ-ների հետազոտությունը ամենակարևոր բաներից մեկն է, որ կարող եք անել ձեր առողջությունը պաշտպանելու համար:
 
 


Աղբյուր`
 Centers for Disease Control and Prevention