«Հայաստանում սեքսուալ կուլտուրան դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր առավել շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը եւ հաճախ հետազոտվում»,- Shamshyan.com-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հ/կ-ի անդամ Վրեժ Շահրամանյանը:



Նա փաստեց, որ տարիներ առաջ սեքսոպաթոլոգներին համեմատաբար քիչ էին դիմում. «Պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկություններ, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումներ և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, ով բուժում և կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության պաշտպանն է»:

Վրեժ Շահրամանյանը գովելի համարեց այն, որ ամուսնանալուց առաջ երիտասարդները հաճախ են անցնում սեքսոլոգիական անհրաժեշտ հետազոտություններ. «Բայց ցավալի է, որ երբեմն սեռական հիգիենայի տարրական կանոններին, օրինակ` պահպանակի օգտագործմանը չեն տիրապետում: Կան զույգեր, որոնք խնդիրներ չունեն, բայց դիմում են` հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման տենդենցից: Նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել: Սա վերաբերում է նաև սեքսուալ խանգարումներին, զանազան բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին»: Պարոն Շահրամանյանը հավելեց, որ ամուր ընտանիք ունենալու տեսակետից` նախաամուսնական խորհրդատվությունը պետք է ընդգրկի նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի փսիխոհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է որոշ սեքսուալ խանգարումների առաջացումը:

Վրեժ Շահրամանյանը փաստեց, որ իրենց դիմած զույգերի մի մասի մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել. «Պատճառն այն է, որ ծնողներից բացի` երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում է» նաև նրանց շրջապատը` ավելի «իրազեկ» ավագ ընկերները, կասկածելի և ոչ հավաստի տվյալներ պարունակող գրականությունը, ինտերնետային կայքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունը»:

Մասնագետի հավաստմամբ՝ սեքսոպաթոլոգին ավելի շատ դիմում են մայրաքաղաքի բնակիչները. «Պատճառներից մեկն այն է, որ սեռական առողջության վերաբերյալ տեղեկատվությունը առավել հասանելի է երևանաբնակներին: Մարզաբնակները այս հարցում զգալիորեն տուժում են, ինչով էլ բացատրվում է նրանց դիմելիության սակավությունը: Բացի այդ, նաև առկա է տրանսպորտի և տարածության խնդիր: Սեռական խանգարումների բուժման արդյունավետությունը ապահովելու համար ցանկալի է, որ դիմողը լինի բժշկի հսկողության ներքո, ինչը այս դեպքում չի հաջողվում»:

http://shamshyan.com