«Ամուսնության համար տարիք առաջադրելը դժվար է, բայց առողջապահական տեսանկյունից այն չպետք է գերազանցի 30 տարեկանը: Կինը պիտի առաջին երեխան ունենա մինչև 35 տարեկանը, որպեսզի ռիսկերը բացառվեն: Բայց դա չպիտի արվի սոցիումի ճնշումով, այլ ներքին մղումով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը:



Նա ասաց, որ ամուսնությունը բարդ սոցիալական, հոգեբանական, սեռական ներդաշնակություն պահանջող երևույթ է, որը պայմանավորում է ամբողջ հասարակարգի առողջ մտածելակերպը և առողջ քննարկումները. «Եթե ֆիզիոլոգիական տեսանկյունից դիտարկենք, ապա զույգերի ամուսնության համար անհրաժեշտ է նրանց հոգեսեռական և մարմնասեռական կատարյալ հասունությունը, որը պայմանավորում է ընտանիքի ամրությունը:

Հաճախ դեռահասների շրջանում դիտվում է աքսելերացիա երևույթը: Սա սեռահասության տարիքի ավելի վաղ դրսևորումն է, որը պայմանավորված է մի շարք գործոններով, ինչպես էկոլոգիական, այնպես էլ սննդատեսակների մեջ գենետիկական փոփոխությամբ և այլն»:

Բժշկի հավաստմամբ՝ այդ դեռահասները դառնում են խոցելի, առկա է լինում սեռական գեղձերի շուտ հասունացում, բայց չկա համապատասխան հոգեսեքսուալ պաշտպանվածություն: Դեռահասը դառնում է ավելի խոցելի: Սրա պատճառով այս տարիքում ավելի հաճախակի է լինում սպասումների և ռեալ իրականության հակադրությունը, որն առաջ է բերում անհատի օրգանիզմում ներքին հակասություն, առաջանում են ընկճախտեր (դեպրեսիաներ):

Բժիշկն ասաց, որ եթե դիտարկենք ֆիզիոլոգիական տեսանկյունից, ապա 18 տարեկանը համարվում է կայացած, բայց այս տարիքում նա խոցելի է մնացած ազդակների նկատմամբ. «Այս տարիքում դժվար է ճիշտ ընտրություն կատարելը: Ընտանիքը միայն սեքսուալ կյանքով չի սահմափակվում: 18 տարեկանն այն տարիքը չէ, որ երիտասարդը կայացել է և կարող է ամուսնանալ: Չկա ձևավորված որոշակի ավարտուն աշխարհայացք և հետագայում քիչ չեն ռիսկերը, որ այս կամ այն գծերի շեշտվածության պարագայում զույգերի միջև աններդաշնակություն կառաջանա: Այդ իսկ պատճառով նախընտրելի է, որ սոցիումում կայացած անհատները ճանաչեն միմյանց, գտած լինեն իրենց տեղը հասարակության մեջ, հետո նոր ամուսնանան»:

http://1in.am