Հարցերին պատասխանում էԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Սեւադա Վանիկի Հակոբյանը:
- Սեռական կյանքի բացակայության դեպքում ի՞նչ հնարավոր հիվանդություններ կարող են զարգանալ:
-Եթե մարդը սեռահասուն է, բայց չի ապրում սեռական կյանքով, ապա կան դրան փոխարինող ձեւեր, որոնցից կարող եմ նշել ձեռնաշարժությունը, ինչը որոշակի ժամանակ կարող է լրացնել բացը: Ձեռնաշարժությունն առողջության համար որեւէ վտանգ չի ներկայացնում եւ նույնիսկ կարող է կանխարգելել փոքր կոնքի խոռոչի օրգաններում կանգային գործընթացները:
-Ձեր թույլտվությամբ մանրամասնեմ հարցս. մեր իրականությունում սեռական կյանքի բացակայության փաստն առավել հաճախ արձանագրվում է աղջիկների մոտ, որոնք ազգային հայտնի ավանդույթի պատճառով 30 տարին բոլորելով անգամ կույս են մնում: Կա՞ն արդյոք նրանց սպառնացող ֆիզիոլոգիական, հոգեբանական հիվանդություններ:
-Այո, սեռական կյանքի բացակայությունը, ուշ ամուսնությունը բազմաթիվ խնդիրների պատճառ կարող է լինել, դրանք պայմանավորված են հոգեսեռական զարգացման ընթացքի որոշակի խանգարումներով: Լիբիդոյի (սեռական հակում) բնականոն զարգացման ուղին հետեւյալն է` պլատոնիկ լիբիդոյին պետք է հաջորդի էրոտիկ լիբիդոն, այնուհետեւ ձեւավորվի սեքսուալ լիբիդոն, սակայն ինչ-ինչ պատճառներով լինում են զարգացման ընթացքի խանգարումներ: Ընթերցողը չպետք է հուսահատվի, քանի որ դրանք լուծելի խնդիրներ են, բայց ցանկալի է ժամանակին խուսափել այդ ամենից: Այս հարցում խորհուրդներ չեմ կարող տալ, քանի որ անհատն ինքը պետք է որոշումներ կայացնի, միայն նշեմ, որ կանոնավոր սեռական կյանք չվարող կանանց մոտ կարող են առաջանալ հորմոնալ, դաշտանային ֆունկցիայի խանգարումներ, հիսթերիկ երեւույթների դրսեւորում, վագինիզմ` հեշտոցամուտքի մկանների ակամա կծկում սեռական հարաբերության փորձի ժամանակ կամ սեքսի մասին սխալ տեղեկության արդյունքում` կարող է խանգարվել սեքսուալ հաճույք ստանալու հեշտանքի գործընթացը: Հարկ է նշել, որ պարբերաբար սեռական կյանք չվարող եւ ձեռնաշարժությամբ չզբաղվող տղամարդկանց մոտ հնարավոր են խնդիրներ սերմնահեղուկի հետ, որոնք կարող են պայմանավորված լինել կանգային երեւույթների զարգացման հետեւանքով փոքր կոնքի խոռոչի օրգանների բորբոքային գործընթացներով:
-Ի՞նչ խորհուրդ կտաք թե` կանաց եւ թե` տղամարդկանց:
-Լուծումը` ձեռնաշարժությունն է կամ մշտական սեռական հարաբերությունները: Սակայն անհրաժեշտ է ճիշտ ընտրել զուգընկերոջը, չդավաճանել նրան, ինչն ավելի ապահով կդարձնի սեռական հարաբերությունները` նվազագույնի հասցնելով սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու հավանականությունը, կիրառել պահպանակներª հնարավոր սեռավարակներից, անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար:
-Այժմ անդրադառնանք մեր ընթերցողի հարցին.18 տարեկան տղա է, օրական 3-4 անգամ զբաղվում է ձեռնաշարժությամբ: Նա հետաքրքրվում է, արդյո՞ք դա վնասակար չէ առողջության համար, նորմա՞լ է նման հաճախակիությունը եւ մինչեւ ե՞րբ կարելի է դա շարունակել:
-18 տարեկանում ձեռնաշարժությունը ֆիզիոլոգիական է եւ կոչվում է դեռահասային գերսեքսուալության տարիքային ձեռնաշարժություն եւ նորմալ է, եթե երիտասարդի ձեռնաշարժությունները նրա ուսումնական, աշխատանքային գործընթացի հաշվին չեն եւ չեն ազդում դրանց վրա: Բայց, եթե երեւույթն անդրադառնում է նրա ընդհանուր կենսակերպի, մտավոր գործունեության վրա, ապա` համարվում է պաթոլոգիա եւ մասնագետին դիմելու կարիք կա: Հաճախակիության առումով ասեմ, որ դրա մասին կարելի է դատելª հաշվի առնելով անհատի սեռական կոնստիտուցիոնալ տիպը, եթե նա միջին սեռական կոնստիտուցիայի տեր է, ուրեմն 3-4 անգամը նրա համար չափազանց է, մինչդեռ ուժեղ սեռական կոնստիտուցիայի (բնակազմության) դեպքում ձեռնաշարժության նշված քանակը նորմալ է:
-Ինչպե՞ս կարելի է պատկերացում կազմել մարդու սեռական կոնստիտուցիայի տիպի մասին:
-Դա կարող է որոշել միայն մասնագետը` սեքսոպաթոլոգը: Հատուկ չափումների, հետազոտությունների միջոցով որոշվում էª սերմնաժայթքման նման ռիթմը նորմա՞լ է տվյալ մարդու համար, թե՞ ոչ:
-Բժիշկ, մեր զրույցի ավարտին ցանկանում եմ իմանալ Ձեր մասնագիտական դիրքորոշումը` այսօր լայն տարածում գտած այնպիսի մի երեւույթի վերաբերյալ, ինչպիսին է վիրտուալ սեքսը. պարզաբանեք դրա դրական եւ բացասական կողմերը:
-Երեւույթը պետք է նկարագրեմ միանշանակ բացասական, քանի որ հակառակ սեռերի միջանձնային փոխհարաբերություններում է ամփոփվում սեռական կյանքի հոգեսեքսուալ բավարարություն ստանալու գաղտնիքը եւ վիրտուալ սեքսի դեպքում այս կողմը կրճատվում է, այսինքնª հոգեկան գործոնը բացակայում է: Բացի այդ, զուտ երեւակայությամբ առաջնորդվելը թուլացնում է մարմնական շփումների արդյունքում առաջացող զգացողությունները, ինչը խրախուսելի չէ: Երեւույթն այլ կերպ է դիտարկվում, եթե տվյալ մարդկանց միջեւ կա հետերոսեքսուալ մարմնական սեռական կյանք եւ վիրտուալ սեքսը որոշակի էպիզոդիկ ձեւով կիրառվում է որպես հարստացնող, բազմազանություն մտցնող բաղադրիչ, բայց ոչ մի դեպքում որպես փոխարինող միջոց:
Այսպիսով, յուրաքանչյուրի սեռական կյանքը խիստ անհատական է եւ բազմազան, անհատն ինքն է ընտրություն կատարում, սակայն պետք է կարողանալ սեքսուալ բավարարվածության հետ մեկտեղ չվնասել առողջությանը:
Հարցազրույցը` Արփինե Անդրեասյանի