«Զույգերի միջև ամուսնությունն իր մեջ ենթադրում է բավականին խորը փոխհարաբերություններ՝ սկսած սոցիալական համատեղ կյանքից, ընդհանուր հոգեկան բավարարվածությունից մինչև հոգեսեքսուալ առողջ կյանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Նա նաև հավելեց, որ ամուսնական զույգերի ներդաշնակությունը և ընտանեկան սեքսուալ հարմոնիան ապահովելու համար գոյություն ունեն մի շարք ֆակտորներ, որն առաջին հերթին ենթադրում է զույգերի միջև հարմոնիկ սեռական հարաբերություն: Ցանկալի է, որ նրանք ունենան իրար մոտ սեռական հակումներ: Այն իր մեջ ներառում է գործոններ, որոնք ապահովում են ամուսինների միջև սեռական կյանքը՝ ինչպիսի սեքսուալ պահանջմունք ունեն, ինչպիսի հորմոնալ հագեցվածություն ունեն և այլն. «Կարևորագույն հանգամանք է զույգերի տարիքային տարբերությունը, որը պայմանավորում է զույգերի ընդհանուր մտահորիզոնների տարբերությունը: Գիտենք, որ տարբեր տարիքային գործոններով պայմանավորված՝ մարդիկ տարբեր հետաքրքրություններ և սեռական պահանջմունքներ են ունենում»,- ասաց մասնագետը:



Ինչպես նշեց սեքսապաթոլոգը, այն պարագայում, երբ զույգերի տարիքային տարբերությունը գերազանցում է տասը և ավելի տարին, նկատվում են նաև սեռական պահանջմունքի տարբերոթյուններ: Երբ կնոջ տարիքը երեսուն և ավելի է, արթնանում է երկրորդ սեքսուալությունը՝ իր մեջ ենթադրելով ակտիվ սեռական պահանջ և թույլատրելիության շրջանակի լայնացում՝ սեքսուալ գուրգուրանքների շրջանակի մեծացում. «Այս դեպքում առաջանում է որոշակի հակասություն, և խախտվում է սեքսուալ ներդաշնակությունը: Սակայն սա պետք չէ ընդունել որպես դոգմա: Զույգեր կան, որոնք որ բարձրաձայնելով, դիմելով մասնագետի օգնությանը՝ կարողանում են հաղթահարել սեքսուալ կրիզիսը»,-հավելեց Հակոբանը:

Նրա բնորոշմամբ՝ տարիքային ֆակտորը «որոշիչ, բայց ոչ ավերիչ» նշանակություն է ունենում, այսինքն՝ սա կախված է նաև անձանց սեռական կոնստիտուցիայի տիպով, որոնք երեքն են՝ թույլ, միջին և ուժեղ: Սեռական կոնստիտուցիան իրենից ներկայացնում է հատկանիշների ամբողջություն, որն ապահովում և լիմիտավորում է տվյալ անհատի սեռական պահանջմունքը և սեքսուալ դիմադրողականությունը: Ուժեղ սեռական կոնստիտուցիա ունեցող անձինք ունեն ավելի լավ արտահայտված սեռական հորմոնալ ֆոն, առավել կայուն են բացասական գործոնների ազդեցությունների նկատմամբ: Ցանկալի է, որ ամուսնական զույգերի միջև տարիքային տարբերությունը լինի 1-10-ը տարի:

Մեզանում տարածում է գտնում նաև տարիքով կանանց ամուսնությունն իրենցից երիտասարդ տղաների հետ և երիտասարդ աղջիկների ամուսնությունը տարիքով հասուն տղամարդկանց հետ: Սեքսապաթոլոգի հավաստմամբ՝ սա պայմանավորված է տղամարդու և կնոջ հոգեսեռական դաստիարակության առանձնահատկություններով. «Տղամարդկանց պարագայում այդպիսի ամուսնություններ արձանագրվում են այնպիսի անհատների մոտ, որոնք հոգեսեռական զարգացման ընթացքում որոշակիորեն գտնվել են մոր ազդեցության տակ: Այսինքն՝ մայր-որդի փոխհարաբերությունն ավելի դոմինանտ է եղել, և կին ընտրելիս ենթագիտակցորեն նրանք առաջնորդվում են այն գաղափարով, որ ընտրեն այնպիսի կին, որը նաև մոր դերակատարություն կստանձնի»,- պարզաբանեց մասնագետը: Հակառակ պարագայի դեպքում տարիքով կանանց շրջանում դերակատարություն ունի իմպերատիվ ներքին մղումը՝ օգտագործելով տարիքային գործոնը՝ փորձում են գերիշխել ընտանիքում:

Ինչ վերաբերում է հասուն տարիքով տղամարդկանց ամուսնությանը երիտասարդ աղջիկների հետ, Սևադա Հակոբյանը նշեց, որ հասուն տղամարդիկ, ընտրելով փոքր տարիքի կին, ուզում են իրենց երիտասարդ զգալ, ապրել երկրորդ երիտասարդություն, որը նաև էգոիզմի դրսևորում է: Իսկ հակառակ դեպքերը բնորոշ են այն աղջիկներին, ովքեր գտնվել են հոր հզոր դաստիարակության ֆոնի տակ և ամուսնու կարգավիճակում ենթագիտակցորեն տեսնում են հոր կերպարը, կամ այնպիսի հոգեբանական տիպի աղջիկներին, ովքեր ենթարկվելու և հնազանդվելու ներքին մղում ունեն:

Ըստ սեքսապաթոլոգի՝ նման ամուսնություններն այնքան էլ բարենպաստ չեն, քանի որ տղամարդը, հասնելով հասուն տարիքային փուլի, ունենում է վերարտադրողական օրգանների հետընթաց: Կնոջ պարագայում՝ չունենալով սեքսուալ ներդաշնակություն, չի ձգտում ունենալ մեկից ավելի երեխա. «Սերունդ տալու հանգամանքը մղվում է երկրորդ պլան, խնդիրներ են ունենում նաև այն երեխաները, ովքեր ապրում են նման ընտանիքներում: Հոգեսեռական դաստիարակության մեջ կարևոր դեր ունեն ծնող-երեխա ընկերական փոխհարաբերությունները: Այս դեպքերում դժվարանում է նրանց կապը, ինչի հետևանքով խախտվում է ընտանելան հանգիստը, որը երեխայի հոգեկան աշխարհի վրա լուրջ հետևանքներ է թողնում»,-եզրափակեց մասնագետը:

http://www.1in.am