Երկար ժամանակ հանդիպող, բայց սեռական հարաբերություն չունեցող զույգերն ունենում են այն մտավախությունը, որ զսպվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ իրենց առողջության վրա: Նման մտահոգություններ հայտնել են նաեւ LN-ի ընթերցողներից:

Սեռական զսպվածության հնարավոր ազդեցությունները LN-ի հետ զրույցում մեկնաբանեց սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, բ. գ. թ. , դոցենտ Մարատ Զաքարյանը:

«Սեռական զսպվածությունն այն է, երբ տվյալ անձը սեռական կյանքով չի ապրում տեւական  ժամանակ (շաբաթներ, ամիսներ, տարիներ): Այս ընթացքում հնարավոր են գգվանքներ, սիրախաղեր' առանց սեռական ակտի: Պետք է հաշվի առնել տվյալ անձի առանձնահատկությունները' սեռը, տարիքը, մասնագիտությունը, սեռական կառուցվածքը եւ այլն»,- նշեց սեքսապաթոլոգը' առանձին-առանձին անդրադառնալով թե՛ տղամարդու, թե՛ կնոջ սեռական զսպվածությանը, հնարավոր դրական ու բացասական երեւույթներին:



Նրա խոսքով'տղամարդկանց սեռական զսպվածությունը կարող է բերել կոնքի խոռոչի օրգանների կանգային երեւույթների, որի հետեւանքով հնարավոր է' առաջանան շագանակագեղձի խրոնիկ բորբոքումներ (պրոստատիտ), նաեւ դա կարող է ազդեցություն ունենալ ամորձիների վրա: Նման բորբոքումների հետեւանքով կարող են նկատվել տղամարդու սերմնահեղուկի ե՛ւ որակական, ե՛ւ քանակական շեղումներ, ընդհուպ մինչեւ անպտղություն: Մասնագետը շեշտեց, որ սեռական զսպվածության սկզբնական շրջանում սեռական ցանկությունը կարող է որոշակի չափով բարձրանալ, հաճախակիանում են գիշերային սերմնաժայթքումները, բայց ժամանակի ընթացքում ցանկությունը նվազում է:

«Կանանց սեռական զսպվածության ժամանակ նույնպես կարող են առաջանալ կոնքի օրգանների կանգային բորբոքումներ, երբեմն այդ բորբոքումները ուղեկցվում են ինֆեկցիաներով, որոնք էլ ավելի են բարդացնում վիճակը, կարող են առաջանալ ձվարանների, փողերի, արգանդի, հեշտոցի բորբոքումներ, վերջիններիս հետեւանքով սեռական ակտը կարող է ցավոտ լինել. բորբոքային պրոցեսների ժամանակ կարող է հեշտոցի խոնավացում առաջանալ ոչ բավարար քանակով», - մեկնաբանեց սեքսապաթոլոգը: Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ զսպվածության հետեւանքով սեռական ցանկությունը նախ կտրուկ բարձրանում է, հետո՝ աստիճանաբար իջնում:

Երկրորդ փուլում թե՛տղամարդիկ, թե՛ կանայք, եթե սկսեն ապրել սեռական կյանքով, նրանց մոտ կարող է նկատվել օրգազմի բթացում կամ բացակայություն (անօրգազմիա):

Խոսելով պաթոլոգիական պրոցեսների առաջացման մասին'սեքսապաթոլոգը նշեց, որ մոտ մինչեւ երեսուն տարեկան տղաններն ու աղջիկները, ովքեր չեն ապրել պարբերաբար ու նորմալ սեռական կյանքով, նման խնդիր չեն ունենա. այդ տարիքում օրգանիզմն ունի շատ հզոր պաշտպանողական մեխանիզմներ (հորմոնալ, նյարդային, հոգեկան, հոգեբանական, սիրտանոթային):

Եթե այդ տարիքի անձնավորություններն ունեն հավասարկշռված նյարդային եւ հոգեկան համակարգ, ապա սեռական զսպվածության ժամանակ ոչ մի պաթոլոգիական փոփոխություն չի առաջանում, բայց եթե կան հոգեկան եւ նյարդային հիվանդություններ (շիզոֆրենիա, փսիխոզներ, էպիլեպսիա, նեւրոզներ),  սեռական զսպավծությունը կարող է ավելի սրել վիճակը:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրեց սեքսապաթոլոգը, հատկապես երիտասարդ տարիքում սեռական զսպվածությունը չի կարող առաջացնել օրգանիզմում լուրջ առողջական խնդիրներ:

Շողիկ Գալստյան

 

http://ladynews.am