Հայաստանում ինտերնետ աշխարհում ամենաշատ փնտրվող բառը պոռնոն է: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ պոռնո բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004-ից մինչ այսօր առաջին տեղն է զբաղեցնում: Ի թիվս այլ պատճառների՝ նման ցուցանիշի պատճառ կարող է լինել նաև մեզանում սեռական առողջության թեմաներով ընտանիքներում ու դպրոցներում երեխաներին համապատասխան չափով տեղեկություններ տալուց խուսափելը: «Եկեք արագլիների, կաղամբի մասին հեքիաթները մի կողմ դնենք: Եթե երեխան տանը չստանա իրեն հուզող հարցի պատասխանը, կփորձւ դրսում ստանալ իր չակերտավոր իրազեկ ընկերներից, գուցե և՝ գռեհիկ տարբերակով, չափազանցված, իրականությանը չհամապատասխանող, և առաջին խնդիրը, որ մենք այստեղ կունենանք, այն է, որ երեխան կսկսի դադարել վստահել ծնողին, իսկ այդ տարիքում ծնողն իր հենասյունն է, իր հենարանն է, վստահելի ընկերն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և հավելեց, որ երեխան, ծնողներից չստանալով իրեն հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև դրսում լիարժեք չբավարարելով իր հետաքրքրասիրությունը, կփորձի իր ցանկացած ինֆորմացիան գտնել համացանցում. ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօր գրեթե բոլոր դպրոցահասակ երեխաներն ինտերնետից օգտվելու հնարավորություն ունեն: Ուստի սեքսապաթոլոգը կարծում է, որ այս դեպքում դրական ազդեցություն կունենա ֆիլտրացման մեթոդը: «Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆիլտրացման մեթոդը. այն տարբերակ է, որն արգելք է դնում պոռնո կայքերի, սեռական տարբեր ծառայություններ մատուցող կայքերի վրա»: Ի դեպ՝ որոշ երկրներում ֆիլտրացման մեթոդը հաջողությամբ կիրառվում է, թեև, այնուամենայնիվ, ամենաճիշտը ծնողների՝ նման հարցերի շուրջ երեխաների հետ զրուցելուց չխուսափելն է:

www.hayeli.am