Համբուրվելիս դժվար թե առաջին հերթին մտածեք վտանգների մասին, բայց պարզվում է՝ արժի. մեզ վիրուսներ ու ինֆեկցիաներ են սպառնում հարաբերությունների ճոխ զարգացման գագաթնակետին: Վայելեք հաճույքի հորմոնների' էնդորֆինների բարերար ազդեցությունը Ձեր առողջության, մասնավորապես նյարդային ու հոգեկան համակարգերի վրա, բայց նաեւ մի մոռացեք պաշտպանված լինել հաճույքի տհաճ անակնկալներից...


LN-ը համբույրի մութ կողմերի մասին զրուցեց Երեւանի թիվ 1 պոլիկլինկայի սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարատ Զաքարյանի հետ:

«Շատ հաճախ են համբույրի միջոցով տարածվում ստրեպտո- ստաֆիլոկոկային ինֆեկցիաներ, վիրուսներ (ցիտոմեգալովիրուս, հերպես), վերջիններս բավական դժվար բուժվող հիվանդություններ են»,- նշեց սեքսապաթոլոգը' հավելելով, որ նրանց թերի բուժման կամ չբուժվելու դեպքում կարող են ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց մոտ առաջանալ վերարտադրողական ֆունկցիաների խանգարումներ, ընդհուպ անպտղություն: Հղիության ժամանակ վիրուսները հաճախ կարող են դառնալ պտղի արհեստական ընդհատման պատճառ: Մասնագետի խոսքով՝ համբույրի ճանապարհով փոխանցվող շատ լուրջ հիվանդություններից է նաեւ սիֆիլիսը:

Ի՞նչ անել: «Ե՛վ տղամարդիկ, ե՛ւ կանայք առաջին հերթին պետք է հետեւեն իրենց անձնական հիգիենային, մասնավորապես բերանի խոռոչի մաքրությանը: Կարեւոր նշանակություն ունի ատամների, լնդերի, կոկորդի ըմպանի հիգիենան: Եթե կան բորբոքային երեւույթներ, ապա պետք է բուժել: Բացի բերանի խոռոչի հիգիենայից շատ մեծ դեր ունի նաեւ շնչական համակարգի (քթի լորձաթաղանթի, նաեւ հայմորիդ, ֆրոնգիդ, խրոնիկ բրոնխիտ, խրոնիկ թոքաբորբ), ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների բուժումը»,- ասաց մասնագետը:

Ինչպես նշեց Մարատ Զաքարյանը, հիշյալ հիվանդությունների ժամանակ կարող է բերանի խոռոչի տհաճ հոտ ու համ առաջանալ, որը հակառակ սեռի մոտ կառաջացնի անցանկալի զգացողություններ, ինչը կարող է խորանալ մինչեւ սեռական ավերսիա (զզվանք ինտիմ հարաբերություններից):

Սեքսապաթոլոգը խորհուրդ տվեց համբուրվողներին լինել միմյանց նկատմամբ սիրալիր, հարգալից, փորձել ստանալ հաճելի պահեր' ապահովելով հիգիենան:

http://ladynews.am