Կլիմաքսը` ֆիզիոլոգիական տարիքային փոփոխություններն են կնոջ օրգանիզմում, որոնք տանում են կնոջ օրգանիզմը դեպի ծերություն: Այն ուղեկցվում է դաշտանային ֆունկցիայի մարմամբ”,- “Զարուհուհետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Պապյանը, երբ հարցրեցինք, թե ի՞նչ է կլիմաքսը: Ըստ նրա, կլիմաքսը պայմանավորված է կնոջ օրգանիզմի սեռական հորմոնների արտադրության անկմամբ, մասնավորապես` ձվարանային հորմոնների սինթեզի իջեցմամբ: Սովորաբար իգական սեռական հորմոնները (էստրոգեններ) կնոջ օրգանիզմում ապահովում են բազմաթիվ ֆունկցիաներ, օրինակ, կարգավորում են սեռական վարքն ու ցանկությունները, մասնակցում են հոգե-հուզական ոլորտի կարգավորմանը, ինչպես նաեւ կարգավորում են որոշակի նյութափոխանակային պրոցեսներ, ապահովում են հեշտոցի պատերի առաձգականությունը, նպաստում են հեշտոցային արտազատուկների արտադրմանը, որոնք խոնավեցնում են սեռական ուղիները` նպաստելով սեռական ակտի լիարժեքությանը:

Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը հետեւյալ կերպ ձեւակերպեց կանանց ֆիզիոլոգիական տարիքային փոփոխությունները: “Ըստ էության, կլիմաքսը ավելի շատ իր մեջ ընդգրկում է հոգե-հուզական ֆոնի փոփոխություններ, որոնք տարբեր կանանց մոտ կարող են դրսեւորվել տարբեր կերպ: Պատկերացրեք, թե ինչքան սթրեսագեն իրավիճակ է կնոջ մոտ ստեղծում դաշտանի բացակայությունը կլիմաքսի ժամանակ: Այն շատ կանանց մոտ ընկալվում է, կարծես թե, կանացիության վերջաբան, որպես կնոջ` իր գործառույթների կամ ֆունկցիոնալ, ի սկզբանե, ի վերուստ տրված նշանակության ավարտ: Եվ սա ինքնին առաջ է բերում որոշակի նաեւ սեքսուալ բնույթի, խանդի պրոցեսի առաջացում, ինչպես նաեւ` ամուսնու նկատմամբ որոշակի խանդի վերաբերմունքի զարգացում: Սխալ պատկերացումների, սեռական կյանքի մասին դեզինֆորմացիայի պատճառով կանանց մոտ կարող են նույնիսկ դրսեւորվել սեքսուալ ֆունկցիայի անդառնալի կորուստներ` մինչեւ անօրգազմիա եւ սեռական ցանկության բացակայություն, նույնիսկ սեքսուալ ավերսիա (խուսափում)”:

Հետաքրքրվեցինք մասնագետներից, թե ո՞ր տարիքում է կլիմաքսն իր մասին զգացնել տալիս, եւ արդյոք կա՞ն արտառոց դեպքեր:

Կլիմաքսն իր մասին զգացնել է տալիս, սովորաբար, 45-ից բարձր տարիք ունեցող կանանց մոտ”,- պարզաբանեց Կ. Պապյանն, իսկ սեքսոպաթոլոգ Ս. Հակոբյանն անդրադարձավ արտառոց դեպքերին, որոնք, ըստ բժշկի, եւս հանդիպում են կլինիկայում. “Եթե 35-ից է սկսվում կլիմաքսը, այն կարելի է դիտարկել որպես վաղաժամ կլիմաքս: Կլինիկայում հաճախ ենք հանդիպում նման դեպքերի: Այն պայմանավորված է որոշակի էկոլոգիական գործոններով, կյանքի սթրեսագեն ընթացքի բարձրացմամբ, եւ այլն: Կլինիկական դրսեւորումները միանշանակ անհատական են այս դեպքում: Այն կանանց մոտ, ովքեր ունեն ներդաշնակ սեքսուալ փոխհարաբերություններ, ըստ էության, հազվադեպ է հանդիպում վաղաժամ կլիմաքս”:

Հարցին, թե որո՞նք են կլիմաքսի նախանշանները, բժիշկների պատասխանը հետեւյալն էր: Կ. Պապյանը նշեց. “Կլիմաքսը դրսեւորվում է հետեւյալ նախանշաններով` հոգե-հուզական, անոթային-վեգետատիվ, նյութափոխանակային էնդոկրին խանգարումներով: Ամենավաղ նախանշանը, որն ի հայտ է գալիս կլիմաքսի ժամանակ` ջերմահորդանքի զգացումն է, որը պատկանում է անոթային-վեգետատիվ խանգարումներին: Կանանց սեռական հորմոնները կարգավորում են նաեւ օրգանիզմի ջերմակարգավորման պրոցեսները, եւ նրանց քանակի անկումը բերում է այդ պրոցեսների խաթարման, որի հետեւանքով էլ դրսեւորվում է ջերմահորդանքի զգացողությունը: Այդ պահին կինը զգում է ուժեղ ջերմություն դեմքի, պարանոցի շրջանում, դիտվում է առատ քրտնարտադրություն, դեմքը կարմրում է` առաջացնելով դիսկոմֆորտ: Կարող են դիտվել նաեւ զարկերակային ճնշման տատանումներ, հիպերտոնիկ կրիզ: Հոգե-հուզական ախտանիշներից կլիմաքսի ժամանակ դիտվում են` տրամադրության փոփոխականություն, աշխատունակության անկում, գլխացավեր, դյուրագրգիռ վիճակ, որի ժամանակ ցանկացած մանրուք կարող է նպաստել սթրեսի առաջացմանը, տագնապի զգացողություն, անքնություն, որոնք բացասական են անդրադառնում կնոջ ապրելակերպի վրա: Նյութափոխանակային խանգարումներից հարկ է նշել ճարպակալումը, շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի առաջացումը, ինչպես նաեւ` օստեոպարոզի զարգացումը: Դիտվում է մաշկի, լորձաթաղանթների, այդ թվում` նաեւ հեշտոցի լորձաթաղանթի չորություն: Այն դժվարացնում է սեռական ակտը: Այն դառնում է ցավոտ եւ տհաճ կնոջ համար, եւ կինը սկսում է խուսափել սեռական մերձեցումներից”:

Ս. Հակոբյանի համոզմամբ, կլիմաքսը մեծամասամբ ընդգրկում է սեքսուալ սֆերան. “Հատկանշական է, որ սեքսուալ համակարգի նշանները ոչ հաճախ են լինում արտահայտված, քանզի կան կանայք, ովքեր կարողանում են քողարկել էմոցիոնալ վիճակը: Միանգամից պետք է ասեմ, որ կլիմաքս ասելով` պետք չէ հասկանալ, որ այն սեքսուալ կյանքի վերջն է, ընդհակառակը, շատ հաճախ տարբեր գիտնականների տվյալներով` կանանց մոտ կլիմաքսից հետո արթնանում է երկրորդ սեքսուալությունը, որն ավելի հասուն է, ավելի կատարյալ փսիխոսեքսուալ բավարարություն ստանալու իրավիճակ է ստեղծում կնոջ մոտ: Ինքնին կլիմաքսը ենթադրում է որոշակի փոփոխություններ սեքսուալ վարքագծում:

Հորմոնալ տեղաշարժերը միանգամից ազդում են կնոջ հոգե-հուզական եւ նյարդային լարվածության վրա` առաջ բերելով որոշակի սենսիբիլիզացիա, այսինքն` նյարդային համակարգի գերզգայունություն: Կինը դառնում է ավելի զգայուն, ավելի սենզիտիվ` տարբեր, առաջներում սովորական գրգիռների նկատմամբ: Դա կարող է լինել սովորական կենցաղայինից վերցրած` մինչեւ բոլոր սթրեսագեն այլ գործոններ:

Սեքսոպաթոլոգից հետաքրքվեցինք նաեւ, թե ինչպիսի ֆիզիոլոգիական տարիքային փոփոխությունների է ենթարկվում տղամարդը:

Տղամարդկանց մոտ կլիմաքսի պրոցեսը պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով, ինչպես կանանց մոտ: Այդ շրջանում տղամարդկանց մոտ որոշակիորեն իջնում է արական հորմոնների քանակը: Եվ այդ անդրոգեն դեֆիցիտային ֆոնի վրա որոշակի սեքսուալ խնդիրներ են ի հայտ գալիս: Դա դրսեւորվում է սեռական ցանկության նվազմամբ, ինչպես նաեւ ճարպային հյուսվածքների, մետաբոլիկ պրոցեսների դանդաղեցմամբ` այսինքն նյութափոխանակության պրոցեսների դանդաղեցմամբ եւ, ըստ էության, նաեւ արթնանում են ինֆեկցիոն պրոցեսները, ազդում է նաեւ էրեկտիլ դիսֆունկցիայի վրա: Ի դեպ, նախկինում տղամարդկանց այդ տարիքային փոփոխություններին որեւէ նշանակություն չէր տրվում, բայց ներկայումս արդեն հետազոտություններն ապացուցեցին, որ դա որոշակի ընդգծված բնույթ է կրում եւ ինքնին ուսումնասիրման եւ հետազոտման կարիք ունի: Տղամարդու կլիմաքս հասկացողությունն, ըստ էության, որոշ գիտնականներ նաեւ ժխտում են, չեն ընդունում: Այլ նշում են` որպես տարիքային անդրոգեն դեֆիցիտային իրավիճակ: Պետք է ասել, որ արական սեռական հորմոնների ոչ միայն ընդհանուր բացարձակ քանակությունն է իջնում, այլ տեստոստերոնի արական սեռական հորմոնի ակտիվ ֆրակցիայի չափաբաժինն է իջնում շրջանառվող արյան մեջ, օրգանիզմում, որն ինքնին կարող է պատճառ հանդիսանալ տեստոստերոնով պայմանավորված սեռական համակարգի որոշակի գործառույթների նվազմամբ կամ նույնիսկ բացակայությամբ”:

Բժշկներին խնդրեցինք խորհուրդներ տալ ֆիզիոլոգիական տարիքային փոփոխությունները հեշտությամբ հաղթահարելու, մեղմելու համար:

Կ. Պապյանը խորհուրդներին անդրադառնալուց առաջ, նախ հայտնեց, որ հաճախ կանանց մոտ հանդիպում են կլիմակտերիկ արյունահոսություններ. “Այն պայմանավորված է ձվարանային հորմոնների սեկրեցիայի իջեցմամբ եւ դրսեւորվում է առատ արյունային արտադրությունով, որոնք կարող են ուղեկցվել նաեւ ցավերով: Երկարատեւ արյունահոսությունը կարող է բերել սակավարյունության առաջացմանը: Այս պարագայում հարկ է դիմել բժշկի անհապաղ օգնությանը: Կլիմաքսի դրսեւորումները մեղմելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հանգստի եւ քնի ճիշտ ռեժիմի կազմակերպմանը, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, ինչպես նաեւ` սննդի ճիշտ կազմակերպմանը: Սնունդը պետք է լինի լիարժեք, պարունակի ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման սպիտակուցներ (կաթնաշոռ, միս, ձուկ, լոբազգիների ընտանիքի բույսեր) եւ չհագեցած ճարպաթթուներ, որոնցով հարուստ են ձկան յուղը եւ բուսական այլ յուղեր, հանքային աղեր: Հարկ է նշել, որ լոբազգիների շարքին պատկանող բույսերը պարունակում են, այսպես կոչված, ֆիտո-էստրոգեններ, որոնք մեղմացնում են կլիմաքսի արտահայտությունները:

Կլիմակտերիկ դրսեւորումների ծանր ընթացքի դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ-գինեկոլոգի եւ ստանալ համապատասխան դեղորայքային շտկում: Մեծ նշանակություն ունի կնոջ համար այդ շրջանում դրական լիցքեր ստանալը շրջապատի եւ ընտանիքի անդամների կողմից”:

Ս.Հակոբյանն այն կարծիքին է, որ կլիմակտերիկ պրոցեսների ժամանակ շատ հաճախ լինում է նաեւ բժշկական միջամտությունների անհրաժեշտություն. “Երբեմն կարիք է լինում որոշակի հոգեմետ դեղորայքի նշանակման, որոշակի ավտոթրեյնինգի, հոգեթերապիայի որոշակի մեթոդների կիրառման, ինչպես նաեւ` ընտանեկան փսիխոթերապիայի կիրառման` այսինքն` բոլոր այն ապահովագրող միջոցառումների, որոնք կարող են կնոջն էլ ավելի պաշտպանված եւ ավելի զերծ պահել շրջակա միջավայրի որոշակի բացասական ազդեցություններից: Ըստ անհրաժեշտության, արդեն համապատասխան ցուցումներով, պետք նշանակվի հոգեմետ դեղորայք` հաղթահարելու սթրեսագեն իրավիճակները:

Ընդհանրապես կլիմակտերիկ խանգարումների փուլը տարբեր է լինում: Հաղթահարումը խիստ անհատական է: Այն կանայք, ովքեր ունեն իրենց կողքին սիրող ամուսին, ամուր ընտանիք, հեշտությամբ կարող են հաղթահարել այդ պրոցեսը: Սա այն ժամանակահատվածն է կնոջ կյանքում, որտեղ իր սիրելի ամուսնու անվերապահ օգնությունն է պետք, որպեսզի կինն իրեն արժեւորված զգա ու հեշտությամբ կարողանա հաղթահարել այն բոլոր հոգե-հուզական փոփոխությունները, որոնք առաջանում են կլիմաքսի ժամանակ”:

Պատրաստեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ