«Մեր օրերում` մեր կամքից անկախ, վիրտուալ կյանքը` հնարավորություն տալով հաղորդակցվել ժամանակակից մեթոդներով, դարձել է բոլոր օրերի կարևորագույն մաս»,- Med-Practic-ի հետ զրույցում ասել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանն ու հավելել, որ աշխարհի տարբեր ծայրերից տարբեր մասնագիտության տեր մարդիկ` համացանցով շփվելով միմյանց հետ, փոխանակում են մտքեր, օն-լայն կազմակերպում ֆորումներ, սեմինարներ, նույնիսկ` գիտաժողովներ: Ազատյանը խոսել է նաև համացանցի, վիրտուլ կյանքի բացասական կողմերի մասին: Բժշկուհին ընգծել է, որ մարդիկ հաճախ են չարաշահում համացանցի հնարավորությունները` դարձնելով այն, օրինակ, միմյանց հետ (կին-տղամարդ) ծանոթանալու միակ և անփոխարինելի միջոց:
Հարցին, թե շարունակ վիրտուալ կյանքով ապրող մարդը արդյոք չունի՞ հոգեբանական բարդույթ, բժշկուհին հետևյալ պատասխանն է տվել. «Այն անձը, ում հատկանշական է ամաչկոտությունը, անվստահությունը, թերարժեքությունը, ցածր ինքնագնահատականը և ինքնամփոփությունը, իրական կյանքում շփումը դառնում է լարվածության պատճառ, ինչից խուսափելու համար գերադասում է վիրտուալ շփումը, որտեղ հեշտությամբ կարողանում է տպավորություն թողնել դիմացինի վրա և սքողել թվարկած բնավորության գծերը: Լավագույն տարբերակում որոշ ժամանակ անց վիրտուալ շփմանը հաջորդում է իրական շփումը, սակայն, ավելի հաճախ, տարվում են վիրտուալիզմով` դառնալով համացանցային կախյալ: Արդյունքում նման մարդիկ հեռանում են իրական կյանքից, դառնում ավելի ինքնամփոփ, մեկուսանում հասարակությունից` բթացնելով իրական հուզականությունը»: Ազատյանը նաև հայտնել է, որ վիրտուալիզմի զարգացման գագաթնակետը վիրտուալ ինտիմ հարաբերություններն են (Cybersex), երբ էրոտիկ նկարներով, բառերով գրգռելով միմյանց` հասնում են նույնիսկ ապոգեի, օրգազմի:
Ազատյանը հորդորել է սեռական դժվարությունների և խանգարումների կանխարգելման նպատակով հրաժարվել վիրտուալ հարաբերություններից` փոխարինելով այն իրական, անկեղծ և ազատ միջանձնային շփումներով: Վիրտուալ հարաբերությունները, ըստ բժշկուհու, կարող են բավական լուրջ սեռական խանգարումների պատճառ դառնալ:
Աղբյուր : med-practic.com