Մտավոր հետամնացություն ունեցող 54-ամյա Ալվարդ Բալոյանը հիշում է, որ երիտասարդ տարիներին ավտոբուսում ու փողոցում իրեն ձեռք էին տալիս. «Ես էլ սկզբից չգիտեի` էտ ինչ ա, հետո էլ որ իմացա, ամաչում էի ասել` տենց մի արեք»:
50 տարեկանում Բալոյանը սիրահարվեց Թելմանին. «Ես ու Թելմանս չորս տարի ընկերություն ենք արել, ես իրան էի օգնում, ինքը` ինձ, ամեն ինչ հավասար անում էինք: Ափսոս, որ Թելմանս մահացավ, որ կենդանի էր, չէր թողնում` մեկն ինձ մի բան ասի, մեկը հանկարծ քեֆիս կպնի»:
Բալոյանը պատմում է, որ եթե չլիներ իր ու Թելմանի հանդիպումը, ինքն այդպես էլ չէր իմանա` ինչ է սեքսը, ինչի համար են մարդիկ համբուրվում, որովհետև ոչ ոք այդ մասին չէր խոսել իր հետ:
Որևէ հաշվարկ չկա, թե Հայաստանում մտավոր հետամնացություն ունեցող քանի մարդ կա, որովհետև, ինչպես նշում է առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանցը, նրանց հստակ թիվը որոշել հնարավոր չէ: Մտավոր հետամնացությունը, որպես կանոն, ուղեկցվում է այլ հիվանդություններով` շիզոֆրենիա, հոգեկան այլ շեղումներ, և չի տարանջատվում որպես առանձին հիվանդություն:
Մյուս կողմից` հայտնի չէ, թե սեռական բնույթի քանի ոտնձգություն է կատարվել մտավոր հետամնացություն ունեցող մարդկանց հանդեպ, քանի որ, ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Սևակ Միլիտոնյանի հաղորդմամբ, սեռական բռնությունների ու ոտնձգությունների դեպքում զոհի` հաշմանդամություն ունենալու փաստը չի արձանագրվում:
Ալվարդ Բալոյանի դեռահասության տարիներին, երբ դեռ ԽՍՀՄ վարչակարգն էր, դպրոցներում սեռական կրթությունը խիստ փակ թեմա էր: Այսօր էլ, երբ սեքսի մասին ինֆորմացիան ավելի շատ է, հանրակրթական դպրոցներում այդ բացը դեռ լիովին չի լրացվել, իսկ հատուկ կամ ներառական դպրոցներում սովորող հաշմանդամություն ունեցող դեռահասներին այս թեման հասու չէ ընդհանրապես:
Մինչդեռ հաշմանդամություն ունեցող երեխաները ևս սեռական կյանքի պահանջ ունեն, նրանք էլ սեռահասունացում են ապրում և նրանց մեջ էլ դեռահասին բնորոշ բազմաթիվ հարցեր են առաջանում: