Առողջությունը մարդու երջանկության հիմնական պայմաններից մեկն է, իսկ սեռական առողջությունը ընդհանուր առողջության անքակտելի մասն է կազմում:
Սեռական առողջության հիմնական բաղադրիչներն են`
* Սոցիալական և անհատական նորմերի համաձայն սեռական հաճույք վայելելը
* Սեքսուալ լիարժեք հաղորդակցության առկայությունը
* Սեքսուալության վերաբերյալ սխալ պատկերացումների, վախի, ամոթի, մեղքի զգացումի բացակայությունը
* Սեքսուալ և մանկածնման ֆունկցիան խաթարող օրգանական այլ հիվանդությունների բացակայությունը
Սոցիալական նորմը հասարակության կողմից սեռական կյանքի և սեռականությանը վերաբերյալ ընդունելի կանոններն են, չափորոշիչները, արժեքները, որոնց խախտումը ծնում է զույգի սեքսուալ աններդաշնակություն` անձի մոտ առաջացնելով որոշակի սեքսուալ բարդույթներ: Սոցիալական նորմը ձևավորվում է անձի ձևավորման հետ համատեղ, նրա ընդհանուր հոգեկան, ֆիզիկական և սոցիալական հասունացմանը զուգընթաց: Սոցիալական նորմերը թելադրվում և պարտադրվում են դաստիարակման ընթացքում: Դրանց խախտումը անձի մոտ կարող է առաջացնել մեղքի, ամոթի զգացում, ինչպես նաև` խղճի խայթ, կապված սեռական ապրումների հետ: Դա իր անջնջելի հետքն է թողնում անձի ամբողջ հետագա սեռական կյանքի վրա: Խեղդված սեռականությունը կարող է դատապարտվել հավերժ “լռելու” և զրկել անձին սեռական հաճույքից, եթե նրա կողմից չգիտակցվի դրա դրսևորման կարևորությունը:
Անհատական նորմը սոցիալական նորմի ածանցյալն է: Այն ձևավորվում է անհատական-անձնային հատկանիշների ազդեցությամբ: Միևնույն սոցիալական նորմը երկու միանգամայն տարբեր անձեր կարող են ընկալել տարբեր: Օրինակ` հակասեքսուալ ուղղվածությամբ ընտանիքում մեծացած երկու զավակներից մեկը դրսևորում է անսանձ ազատությամբ սեռական կյանք, մինչդեռ մյուս զավակը տառապում է հակառակ սեռի հետ շփման խնդիրներով: Այսպիսով, սոցիալական հարկադրանքը բավարար պայման չէ անձի սեռականության ձևավորման համար:
Սեռական առողջության անհրաժեշտ պայմաններից մյուսը լիարժեք սեքսուալ հաղորդակցումն է: Սեքսուալ հաղորդակցումը միմյանց հետ իրենց սեռական ցանկությունները, զգացմունքները, երևակայությունները և սպասելիքները արտահայտելու կարողությունն է:
Իսկ ի՞նչ է սեռական աններդաշնակությունը
Սեքսուալ զուգընկերների միջև ցանկացած տեսակի հոգեբանական, էմոցիոնալ /հուզական/ և ֆիզիկական անբավարարությունը, որը սեռական ներդաշնակության խաթարման պատճառ է հանդիսանում, համարվում է սեռական աններդաշնակություն: Այսինքն, սեռական աններդաշնակությունը ամուսինների ինտիմ հարաբերություններում տարբեր տեսակի անհամաձայնությունն է:
Սեռական աններդաշնակությունը դրսևորվում է սեռական պահանջի նվազմամբ, իջնում է տվյալ զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը, ինչպես նաև առաջանում է տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիա, կանանց մոտ` սեռական ցանկության բացակայություն, իջնում է օրգազմելիության հաճախականությունը կամ ընհանրապես բացակայում է այն:
Որո՞նք են սեռական աններդաշնակության պատճառները
Հաճախ սեռական աններդաշնակության պատճառը կնոջ և տղամարդու անձնային-հոգեբանական հատկանիշների անհամապատասխանությունն է:
Անձնային-հոգեբանական անհամատեղելիությունը դիտվում է այն դեպքում, երբ տարբեր են ամուսնական զույգի անհատական անձնային առանձնահատկությունները, այսինքն` տարբեր են նրանց զարգացվածության և կրթության աստիճանները և հայացքները` ուղղված կենսական և նյութական արժեքներին, ինտելեկտուալ-մշակույթային պահանջները, սովորությունները, ճաշակը, հետաքրքրությունները և հակումները: Նման անհամատեղելիությունը ուղեկցվում է` միմյանց հետ իրենց զգացողությունները և ապրումները կիսելու անկարողությամբ, դիմացինի թերագնահատմամբ կամ գերագնահատմամբ, որն էլ միմյանցից հեռացման և օտարացման պատճառ է հանդիսանում: Զուգընկերոջ հանդեպ բացասական էմոցիաները` վախը, ատելությունը, անտարբերությունը, խանգարում են մարդուն ամբողջությամբ տրվել սեռական զգացողություններին և սեռական մերձեցման ժամանակ պարզապես վստահել զուգընկերոջը: Իսկ երբ ամուսինները ամբողջ կյանքի ընթացքում օտար են մնում միմյանցից, երբևէ ձեռք չեն բերի միջանձնային խոր կապ և հետևապես սեռական ներդաշնակություն:
Անձնային անհամապատասխանությունը առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք ժամանակի ընթացքում ազդում են ինտիմ հարաբերությունների վրա: Հաճախ կոնֆլիկտի և միմյանցից դժգոհության պատճառները չեն գիտակցվում ամուսինների կողմից և որպես կոնֆլիկտի հիմանական պատճառ դիտարկվում է նշված անհամատեղելիության հետևանքները, օրինակ` անկայուն հոգեվիճակը կամ սեռական խանգարումները: Նման դեպքերում հաճախ միջանձնային և սեռական դժվարությունները փոխազդելով` զույգերի փոխհարաբերություններում առաջացնում են արատավոր շրջան:
Չնայած վերը նշվածին` սեռական աններդաշնակություն կարող է առաջանալ նաև ներդաշնակ միջանձնային հարաբերությունների դեպքում: Այս իրավիճակը բավականին դժվար է լուծվում հատկապես կնոջ կողմից, այն դեպքում, երբ նա սիրում է ամուսնուն, բայց միևնույն ժամանակ կուզենար թողնել նրան, քանի որ վերջինս սեռապես չի բավարարում իրեն: Միևնույն ժամանակ կոնֆլիկտային միջանձնային հարաբերությունները կարող են չուղեկցվել սեռական աններդաշնակությամբ, սակայն ժամանակի ընթացքում իր բացասական ազդեցությունը ունենալ սեռական հարաբերությունների վրա և իջեցնել ամուսինների սեռական ակտիվությունը:
Մյուս պատճառը, որը առաջացնում է սեռական աններդաշնակություն` ֆիզիոլոգիական խանգարումներն են: Տղամարդկանց մոտ այդ շարքին են պատկանում Էրեկտիլ դիսֆուկցիան (սեռական թուլություն կամ իմպոտենցիա), վաղաժամ սերմնաժայթքումը, սեռական ցանկության իջեցումը կամ բարձրացումը, կանանց մոտ` ցածր սեռական ցանկությունը, վագինիզմ, գենիտալգիան (ցավ սեռական հարաբերության ժամանակ), ուշացած սեքսուալ դրսևորումները (ինֆանտիլիզմ), ինչպես նաև սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները և նյարդահոգեկան խանգարումները: Այդ է պատճառը, որ սեռական աններդաշնակությունների կանխարգելման համար խիստ մեծանում է ճիշտ ժամանակին նշված խնդիրների ախտորոշումը և բուժումը: